Հայ տաքսու վարորդն ու Տիմատիի այրված մեքենան. անհայտ անձինք տաքսի ծառայությունից 5 մլն ռուբլի փոխհատուցում են պահանջում (տեսանյութ)

12:16 • 28.03.18

Մոսկվայում հայտնի ռեփեր Տիմատիի թիկնազորին պատկանող «Գելենդվագեն» մեքենայի հրդեհման պատճառ դարձած հայ տաքսու վարորդ Հրանտ Ալթունյանի գործատուն՝ Արթուր Մարտիրոսյանը 360° հեռուստաալիքին պատմել է, որ միջադեպից հետո ինչ-որ մարդիկ իրենից պահանջել են փոխհատուցել այրված մեքենայի արժեքը:

Ինչպես նշում է 360tv.ru-ն, տղամարդը խոստովանել է, որ վերջերս իրեն զանգահարել են, իսկ հետո նաև տուն են եկել անհայտ անձինք, որոնք պահանջել են 5 մլն ռուբլի վճարել ռեփերի այրված մեքենայի համար:

Մարտիրոսյանը նշել է, որ վստահ չէ, որ նրանք եղել են Տիմատիի կողմից ուղարկված մարդիկ: Չի բացառվում, որ նրանք կարող են լինել կողմնակի անձինք, որոնք իմացել են սկանդալային դեպքի մասին ու որոշել դրա միջոցով գումար վաստակել:

Նա ընդգծել է, որ չի պատրաստվում վճարել այրված մեքենայի համար, քանի որ կատարվածի մեղավորը տաքսու վարորդ Հրանտ Ալթունյանն է:

Նշվում է, որ տաքսի ծառայության տերը որոշել է դիմել ոստիկանություն՝ փորձելով պարզել՝ ովքեր էին իրենից գումար պահանջող մարդիկ:


Հիշեցնենք, որ Մոսկվայի կենտրոնում վերջերս ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել հայ տաքսու վարորդ Հրանտ Ալթունյանի և ռեփ կատարող Տիմատիի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ. երգչի ավտոմեքենան այրվել էր: