Եգիպտոսում ավազամրրիկի հետևանքով կաթվածահար է եղել տրանսպորտային համակարգը (տեսանյութ)

22:38 • 29.03.18

Եգիպտոսում երկրորդ օրը մոլեգնող ավազամրրիկի հետևանքով ամբողջությամբ կաթվածահար է եղել երկրի տրանսպորտային հաղորդակցությունը:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, երկրում տարերային աղետի պատճառով փակվել են օդանավակայանները, նավահանգիստները և երկաթուղային գծերը: Մասնավորապես նշվում է, որ փակվել են Հուրգադայի, Նուվեյբայի և Ալեքսանդրիայի նավահանգիստները:

Եղանակային անբարենպաստ պայմաններից ամենից շատ տուժել են Եգիպտոսի հարավային շրջանները: Լուքսոր, Կահիրե, Ասուան և Սոհագ մեկնող օդանավերն ուղևորվել են Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա:

Ոստիկանությունը փակել է միջազգային ավտոմայրուղիները, քանի որ ճանապարհներին տեսանելիությունը գրեթե զրոյական է:

Օդերևութաբանների տվյալներով՝ եղանակային պայմանների կտրուկ վատացումը պայմանավորված է Սուդանից եկած տաք ցիկլոնով, որը միախառնվել է Հարավային Եվրոպայից եկող սառը քամու հոսքին: