Բացատրությունն այն էր, որ ունեմ «անցանկալի դեմք», խնդիրն իմ ազգանվան մեջ էր. Բաքու մուտքն արգելված էստոնական պատվիրակության հայ անդամ

20:38 • 29.03.18

Էստոնիայի քաղաքացի, Տալլինի քաղաքային խորհրդի անդամ, ազգությամբ հայ Կարինե Օգանեսյանը մանկավարժների միջազգային գիտաժողովին մասնակցության նպատակով մարտի 23-ին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, սակայն նրան օդանավակայանում արգելել էին մուտք գործել քաղաք և 12 ժամ պահել էին օդանավակայանում:

Tert.am-ը զրուցել է Կարինե Օգանեսյանի հետ և փորձել մանրամասներ պարզել: Նա պատմեց, որ պաշտոնապես ստացել է մուտքի էլեկտրոնային արտոնագիր և էստոնական պատվիրակության հետ մեկնել Բաքու, սակայն նրան հետ են ուղարկել Էստոնիա:

«Պաշտոնական բացատրություն այն էր, որ ես ունեմ «անցանկալի դեմք»: Բանավոր կարգով ինձ ասացին, որ խնդիրն իմ ազգանվան մեջ է»,- ասաց նա:

Ադրբեջանական իշխանությունները, նկատելով նրա հայկական ծագումը, թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան և 12 ժամ հատուկ գոտում են պահել: Ըստ Կարինե Օգանեսյանի՝ Ադրբեջանից սահմանապահների վերաբերմունքը պատշաճ է եղել, սակայն նրան հարցաքննել են:

«Հարցերը հիմնականում վերաբերում էին Բաքու այցիս նպատակին, աշխատանքի վայրին, հետաքրքրվեցին նաև ընտանեկան կարգավիճակիս մասին: Նրանց հուզում էին նաև Հայաստան կատարած այցելություններս»,- ներկայացրեց Օգանեսյանը:

Տալլինի քաղաքային խորհրդի՝ ազգությամբ հայ անդամին Ադրբեջանի օդանավակայանում 12 ժամ պահելու ընթացքում միայն ջուր են տվել, իսկ սնունդ չեն ապահովել: Ինչ վերաբերում է Միջազգային գիտաժողովի մասնակիցների՝ միջադեպի հետ կապված վերաբերմունքին, Կարինե Օգանեսյանն ասաց, թե այս պահին ինքը նրանց վերաբերմունքի մասին տեղեկություններ չունի:

Հարցին՝ այս դեպքին ինչ արձագանք է տվել Էստոնիան, նա պատասխանեց. «Որքանով գիտեմ, այս պահին պաշտոնական դիրքորոշում չկա»:

Կարինե Օգանեսյանը խնդրին այլ ընթացք տալու նպատակ չունի: Նա հայտարարում է, թե հարցն իր համար սպառված է:

Հիշեցնենք, որ այս միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ հայտարարելով, որ այս վարքագիծը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի իշխանությունների ռասիստական, անհանդուրժողական բնույթը:

ՀեղինակԱնի Օհանյան