Facebook-ը կսահմանափակի վերլուծական ընկերությունների հասանելիությունն օգտատերերի տվյալներին
Facebook Inc. ընկերությունը վերանայում է գովազդային ընկերություններին տրամադրվող օգտատերերի մասին տեղեկատվության ծավալները՝ սահմանափակելով վերջիններիս հնարավորությունը թիրախավորելու օգտատերերին սոցիալական ցանցում:
Ինչպես փոխանցում է Bloomberg գործակալությունը, փոփոխությունները կիրականացվեն առաջիկա մի քանի շաբաթում: Ընկերությունից հայտնել են, որ այլևս թույլ չեն տա գովազդատուներին օգտագործել երրորդ կողմից ստացված տվյալները: Խոսքը Acxiom Corp. և Epsilon Data Management LLC ընկերությունների մասին է, որոնք օգտագործում են ստացված տվյալներն ու վաճառում գովազդային նպատակներով:
Այսպես Facebook-ը կդադարեցնի Partner Categories գործառույթի գործոնեությունը: Այն վերլուծական ընկերություններին թույլ է տալիս ուղարկել գովազդը ցանցի օգտատերերի առանձին խմբերին: Ինչպես օրինակ, ապրանքի գովազդը ցուցադրել նրանց, ովքեր այն ավելի հաճախակի են գնում:
Փոփոխություններն ընդգրկված են Facebook-ի ներքին քաղաքականության վերանայման ընդհանուր ծրագրի շրջանակներում, որը նախաձեռնվել է Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալից հետո:
Բրիտանական Cambridge Analytica ընկերությունը, որն զբաղվում է քաղաքական գործիչների նախընտրական ռազմավարությունների մշակմամբ, հասանելիություն է ստացել 50 միլիոն օգտատերերի տեղեկատվությանը:










