Կեմերովոյի հրդեհի հետևանքով 21 ընտանիք նյութական օգնություն է ստացել
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում օրերս տեղի ունեցած հրդեհի զոհերի 21 ընտանիք ֆինանսական օգնություն է ստացել. հասցեական օգնության համար նախատեսված գումարը փոխանցվել է: Այս մասին հայտնել է Կեմերովոյի մարզի բնակչության սոցիալական պաշտպանության բաժնի պետ Նատալյա Կրուգլյակովան, հաղորդում է «РИА Новости»-ն:
«Վարչության հաշվեհամարին արդեն գումար է փոխանցվել հասցեական օգնության համար: Միջոցներն արդեն հատկացվել են 21 ընտանիքի: Մնացել է վճարել 39 մարդու համար, առաջադրանքն այդ գումարն այսօր մինչև կեսգիշեր ամբողջությամբ տրամադրելն է», - ասել է նա:
Կրուգլյակովան հավաստիացրել է, որ յուրաքանչյուր մահացածի համար տրամադրվում է 5 միլիոն ռուբլի՝ մեկ միլիոնը դաշնային բյուջեից, մեկը՝ մարզային, իսկ երեքը՝ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի սեփականատիրոջից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:










