Կիմ Չեն Ընը ցանկանում է հանդիպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի իշխանությունների հետ. լրատվամիջոցներ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկել է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու Չինաստանի իշխանությունների հետ պաշտոնական հանդիպումների անցկացման հնարավորությունը:
Ինչպես հայտնում է cnbc.com-ը՝ հիմնվելով հյուսիսկորեական աղբյուրների ու պաշտոնական փաստաթղթերի վրա, Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել իր տարածքում հյուրընկալել աշխարհի առաջնորդների հանդիպումը:
Մինչդեռ Կրեմլից հայտնել են, որ նախագահ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը մոտ ժամանակներս ծրագրված չէ:
Հիշեցնենք, որ օրերս Կիմ Չեն Ընը կնոջ հետ այցելել էր Չինաստան, որպեսզի անձամբ շնորհավորի Սի Ծինփինին Չինաստանի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև քննարկի Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը:
Սի Ծինփինը հանդիպման ժամանակ նշել է, որ Պեկինը ցանկանում է համագործակցել Փհենյանի հետ, միասին շարժվել առաջ, երկարաժամկետ ու առողջ հարաբերություններ հաստատել երկրների միջև՝ այդպիսով հիմք դնելով տարածաշրջանում հանգստության, կայունության հաստատման և զարգացման համար:
Նշվում է, որ Կիմ Չեն Ընն իր հերթին վերահաստատել է, որ պատրաստ է մայիսին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:










