Բժիշկներն ամերիկացու որովայնից հեռացրել են 14 կգ կշռող ուռուցքը, որը նա «գարեջրային փոր» էր համարում (լուսանկարներ)

00:00 • 29.03.18

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Հոբոքեն քաղաքի բնակիչ Քևին Դելիին վիրահատել են՝ հեռացնելով 14 կգ կշռող չարորակ նորագոյացությունը, որը տղամարդը գարեջրի օգտագործումից առաջացած փոր էր համարում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 63-ամյա ամերիկացին վատ ինքնազգացողություն է ունեցել 2015-ին իրականացված սրտի վիրահատությունից հետո: Տղամարդը 15 կգ-ով նիհարել էր, սակայն որովայնի չափսը նույնն էր մնացել: 2017-ի դեկտեմբերին տղամարդը բժշկին համոզել է իրեն համակարգչային շերտագրության ուղարկել՝ չնայած ապահովագրական ընկերության բողոքին, որը դա անտեղի ծախս էր համարում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ որովայնի խոռոչի մեծ մասն զբաղեցնում է լիպոսարկոման: Նորագոյացությունն ամերիկացու որովայնում աճել է շուրջ 10 տարի: Որպես կանոն, ուռուցքն ավելի շուտ են նկատում, այդ պատճառով էլ նման չափսերի լիպոսարկոման հազվագյուտ երևույթ է:

Վիրահատությունը, որի ժամանակ հեռացրել են ուռուցքն ու երիկամը, որն արդեն կլանել էր գոյացությունը, վեց ժամ է տևել:

Լիպոսարկոման չարորակ նորագոյացություն է, որն առավել հաճախ հանդիպում է 50-60 տարեկան տղամարդկանց մոտ: Առավել հաճախ հանդիպում է ազդրերում, ծնկահոդում, հյուսվածքային հատվածում, ուսի վրա: