Լուկաշենկոն բելառուս մարզիկներին խորհուրդ է տվել որպես «դոպինգ» խոզաճարպ ուտել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Փհենչհանում կայացած օլիմպիական ու պարալիմպիկ խաղերի չեմպիոնների հետ հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել մարզիկներին խոզաճարպ (сало) ուտել որպես «դոպինգ»: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Լուկաշենկոյի կարծիքով՝ մարզիկների սնվելու հետ կապված հարցերը ոչ միշտ են ճիշտ կարգավորվում սննդաբանների կողմից, մարզիչները նույնպես չեն հետևում դրան:
«Աշխարհի առաջնության փուլերում պետք է խոզաճարպ պահեք սառնարանում, խոզաճարպի նորմալ կտոր, որպեսզի կարողանաք մեկնարկից, վազքից ու ծանր մարզումներից հետո մի կտոր խոզաճարպ ու սև բելառուսական հաց ուտել, այլ ոչ թե փքաբլիթ ու պաղպաղակ»,- մեջբերում է Լուկաշենկոյի խոսքը «Белта» գործակալությունը:
«Մարզիկների համար նորմալ սնունդը թիվ մեկ հարցն է… Ահա խոզաճարպը լավագույն բելառուսական դոպինգն է», - ասել է նա:










