Ականի պայթյունից վիրավորված 2 քաղաքացիներից մեկի ստորին վերջույթների ամպուտացիա է կատարվել, մյուսի՝ փայծաղի հեռացում
Ականի պայթյունից տուժած երկու քաղաքացիների վիրահատությունն ավարտվել է, մեկի վիճակը կայուն ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ստեփանակերտի բժշկական կենտրոնի բժիշկ-համակարգող Արևիկ Ալեքսանյանը:
«Վիրավորներից Արամ Մկրտչյանը գտնվում է հետվիրահատական ինտենսիվ սենյակում, կյանքին վտանգ չի սպառնում: Նրա մոտ ներքին արյունահոսություն էր, փայծաղի պատռվածք, կատարվել է փայծաղի հեռացում: Հիմա վիճակը կայուն ծանր է: Երկրորդ վիրավորը՝ Գարիկ Վահիրյանը, ընդունվել է ականապայթյունային վնասվածքով, վիրահատվել է, կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա: Հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է»,- տեղեկացրեց բժիշկ-համակարգողը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունում այսօր ականի պայթյունից երեք մարդ էր զոհվել, ևս երկուսը` վիրավորվել: Դեպքը տեղի էր ունեցել Մարտակերտ քաղաքի մոտակայքում, որտեղ Niva մակնիշի ավտոմեքենան պայթել էր ականի վրա։ Տուժողները քաղաքացիական անձինք են, ովքեր ականազերծման աշխատանքներ էին կատարում։ Նրանք HALO Trust ականազերծող կազմակերպության ներկայացուցիչներն են:










