Սկրիպալի ու նրա դստեր համար թույնը հայտնաբերվել է նրանց տան դռան վրա. Մեծ Բրիտանիայի ոստիկանություն

12:01 • 29.03.18

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը, անդրադառնալով մարտի 4-ին Սոլսբերիում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր սկանդալային թունավորման դեպքին, հայտարարել է, որ թույնը եղել է նրանց տան դռան վրա, տեղեկացնում է reuters.com-ը։

«Հետաքննության այն կետում, որում մենք գտնվում ենք, հանգել ենք այն եզրակացությանը, որ Սկրիպալներն առաջին անգամ առնչվել են նյարդապարալիտիկ գազի հետ իրենց տան դրսի դռան միջոցով»,-հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ գործի հետաքննությամբ այժմ զբաղվում է 250 խուզարկու:

Հայտնի է, որ հայր ու դուստրը թունավորվել են Խորհրդային Միությունում ստեղծված «Նովիչոկ» թույնի միջոցով:

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ հարձակման պատասխանատուն, անկասկած, Մոսկվան է: Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ Մոսկվային չեն ներկայացվել:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ:


Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: