Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք պայքարը պատկերացնում են «առանց բռնության» սկզբունքի շրջանակում. Ն. Փաշինյան (տեսանյութ)
Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք պայքարը պատկերացնում են «առանց բռնության» սկզբունքի շրջանակում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փողոցային պայքարին:
«Մենք ունենք որոշակի շփումներ որոշակի շրջանակների հետ, բայց այդ շփումների ընթացքում ընդգծվում են մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցեր: Հիմնականը քաղաքական պայքարի ոչ բռնի մեթոդներին է վերաբերում: Սակայն մենք չենք պատկերացնում այս պրոցեսը փխրուն, նրբիկ, վախվորած: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր պայքարը պատկերացնում են այս սկզբունքի շրջանակում: Եվ ուզում եմ ընդգծել, որ մեր հիմնական բանակցությունը ՀՀ քաղաքացիների հետ է. խաբվողը առաջինը ՀՀ քաղաքացիներն են»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օգտագործելու է քաղաքացիական անհնազանդության բոլոր պասիվ միջոցները: Նա համոզված է, որ հնարավոր է այսկերպ հաջողության հասնել: Ըստ նրա՝ բռնությամբ իշխանության հասնելը որոշակի նախադրյալ է ստեղծում, որ հետագայում կարող ես այդ իշխանությունը բռնությամբ պահել:
Հարցին, թե 2015 թ. հայտարարել էր, որ մարդկանց չեն առաջնորդելու դեպի պարտություն, այս դեպքում նման սցենարի հավանականությունը մեծ չէ արդյոք, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մեր գործողության բացակայությունն արդեն ժողովրդին առաջնորդում է դեպի պարտություն, հետևաբար, մեր գործունեությունն ստեղծում է հաղթելու հնարավորություն»:
Անդրադառնալով այն հարցին, թե իր պայքարն անձի, թե՞ կուսակցության դեմ է, պատգամավորը նկատեց, որ ՀՀԿ-ը, բացի Սերժ Սարգսյանից, վարչապետի այլ թեկնածու չունի։
Մարզերի բնակիչներին պայքարին միացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը հայտնի կլինի վաղը հրապարակվելիք ճանապարհային քարտեզում:
«Մեր ճանապարհային քարտեզը փորձել ենք կազմել այնպես, որ լավատեսություն կգեներացնի: Կփորձենք մարդկանց հույս ներշնչել առաջին հերթին իրենց ուժերի նկատմամբ: Մենք կփորձենք շատ արագ արձանագրել թե՛ մեր հաղթանակը, թե՛ մեր պարտությունը, որպեսզի մարդկանց ուղղակի զբոսանքի չհանենք: Մեր քաղաքական գործընթացը պետք է լինի գործողությունների գործընթաց»,- հայտարարեց նա:
Իշխանության՝ բռնի ուժ կիրառելու, ցույցերը ցրելու փորձերի դեպքում, Նիկոլ Փաշինյանի խոսքով, իրենք կփորձեն ուղղակի չցրվել. «Օրինակ՝ մենք կդառնանք մի մեծ մարդկային զանգված, ձեռք ձեռքի կտանք և կփորձենք չգնալ»:










