Վատիկանը հերքել է Հռոմի պապի՝ «դժոխքի գոյություն չունենալու» մասին խոսքերը
Մի շարք լրատվամիջոցներ տարածել են, թե Հռոմի պապն ասել է, որ դժոխք իրականում գոյություն չունի և որ դրախտին անարժան մարդկային հոգիները դժոխքում տվայտվելու փոխարեն ուղղակի անհետանում են:
Սակայն, ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Վատիկանն արագ անդրադարձել է այս տեղեկություններին՝ հերքելով դրանց իսկությունը: Վատիկանից հայտնել են, որ ապատեղեկատվությունը տարածել է աթեիստ լրագրող Էուջենիո Սկալֆարին՝ վերափոխելով Հռոմի պապի իրական խոսքերը:
Հայտնի է, որ 93-ամյա Սկալֆարին Հռոմի պապի հետ անցկացրած հարցազրույցի ժամանակ հետաքրքրվել է՝ ինչ է կատարվում մահից հետո չար հոգիների հետ:
«Նրանք չեն հայտնվում դժոխքում: Դժոխք չկա, մեղսավոր հոգիներն անհետանում են»,-հարցազրույցի տեքստում Հռոմի պապի խոսքը խեղաթյուրված ներկայացրել էր նա:
Վատիկանից հիշեցրել են, որ 2014թ. Ֆրանցիսկոս պապը մաֆիայի ներկայացուցիչների մասին խոսելիս հիշեցրել է դժոխքի գոյության մասին ու կոչ արել փոխել իրենց կյանքը:

Էուջենիո Սկալֆարի











