Արմավիրում 25 րոպե տեղացած ուժգին կարկուտը վնասել է ծաղկած ծիրանենիները (տեսանյութ)

13:32 • 30.03.18

Արմավիրի մարզի Արգինա գյուղում այսօր 20-25 րոպե կարկուտ է տեղացել՝ առավելապես վնասելով համայնքի այգիների ծաղկած ծիրանենիները: 

Այս մասին Tert.am-ին հայտնեց Արգինայի նախկին համայնքապետ Մուշեղ Գրիգորյանը: 

«Դեռ գետնին մի քանի սանտիմետր կարկուտը դրած է, մինչև արևը չխփի, չի երևա, թե ինչ վնաս է հասցվել: Վնասը բնակիչները դեռ չեն հաշվել, բայց արդեն նրանց մոտ խուճապ կա, որովհետև հույս կար, որ գոնե այս տարի բերքը լավ կլիներ»,- ասաց նա:

Ըստ Մուշեղ Գրիգորյանի՝ կարկտակայանները չեն աշխատել:

«Ինձ թվում է, որ պատրաստ էլ չեն եղել: Ո՞վ է տեսել, որ մարտ ամսին կարկուտ գա: Ամեն տարի հակակարկտային կայանները ապրիլի 15-ից են աշխատում, ո՞վ կսպասեր նման բան։ Պետք է վերադասը մտածեր, ինչ-որ բան ձեռնարկեր: Եթե հարց լինի՝ միանշանակ կասեն, որ պատրաստ չեն եղել, որ կարկուտ է գալու»,- ասաց նա: