Չարենցի փողոցում կրակոց արձակելու կասկածանքով ախալքալաքցի երիտասարդ է կալանավորվել. նոր մանրամասներ (լուսանկարներ)

11:30 • 30.03.18

Մարտի 26-ին Երևանի Չարենցի փողոցում հնչած կրակոցի դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում: Կրակոց արձակելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կա կալանավորված:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝մարտի 26-ին անհայտ անձինք մոտեցել են մի «Ֆոլքսվագեն Գոլֆ» ավտոմեքենայի, ձեռքերով ու ոտքերով հարվածել վարորդի կողքին նստած ուղևորին։ Այդ ընթացքում նրանցից մեկը կրակել է մեքենայի ուղղությամբ։ Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ։ Տարբեր ստորաբաժանումների համատեղ աշխատանքով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Պարզվել է, որ մեքենայի ուղևորին հարվածած երիտասարդները, այդ թվում՝ «Գոլֆի» ուղղությամբ կրակածը, դեպքի վայրից հեռացել են արտասահմանյան հաշվառման համարանիշերով «Տոյոտայով»։ 

Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում՝ դեպքի հաջորդ օրը՝ մարտի 27-ին, քրեական հետախույզները հայտնաբերել ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։ Նույն օրը նրանցից Մեկսետ Սարգսյանը որպես կասկածյալ ձերբակալվել է։ Իրավապահների տեղեկություններով՝ մեքենայի ուղղությամբ նա է կրակել։ Ավանում հաշվառված 25-ամյա Մեկսետ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել։ Մարտի 29-ին դատարանի որոշմամբ մեղադրյալը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ 

Մարտի 29-ին՝ դեպքից 3 օր անց,  ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են «Մակարով» ատրճանակ, որը հենց այն հյուրանոցային համալիրի հետնամասում էր, որտեղ հայտնաբերվել էին երիտասարդները։ Համաձայն փորձագետի եզրակացության՝ Չարենցի փողոցում հայտնաբերված պարկուճը կրակվել էր այս ատրճանակով։ 

Կատարվածի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։

Նշենք, որ Tert.am-ի տեղեկություններով՝ Մեկսետ Սարգսյանը ախալքալաքցի է: