«Ամերիկացի դիվանագետների արտաքսումը ՌԴ-ից ազդարարում է երկու երկրների հարաբերությունների հետագա վատթարացման մասին». Պետդեպի ու Սպիտակ տան արձագանքը
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ԱՄՆ հյուպատոսարանը փակելու որոշումը նախևառաջ կանդրադառնա հենց ռուսների վրա, որոնք ԱՄՆ մեկնելու համար այցագրերի կարիք ունեն:
Մինչդեռ Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ իշխանությունների՝ երկրից 60 ամերիկացի դիվանագետի արտաքսման որոշումն ազդարարում է պաշտոնական Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների հետագա վատթարացման մասին:
«Ամերիկացի դիվանագետների արտաքսման քայլն ազդարարում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա վատթարացման մասին: Մինչդեռ այս շաբաթ ԱՄՆ-ից, ավելի քան 2 տասնյակ դաշնակից պետություններից ու ՆԱՏՕ-ի անդամ երկրներից չհայտարարված ռուս հետախույզների արտաքսումն ադեկվատ պատասխան էր Մեծ Բրիտանիայում իրականացված հարձակմանը (բրիտանական Սոլսբերիում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման սկանդալային դեպքը-Tert.am)»,-ասվում է Սպիտակ տան հայտարարությունում:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տնից հայտնել են, որ ամերիկացի դիվանագետների արտաքսումը Ռուսաստանից հանկարծակիի չի բերել Վաշինգտոնին, որը պատրաստ է պատասխան քայլերի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն մարտի 26-ին հայտարարել է երկրից 60 ռուս դիվանագետի արտաքսման ու Սիեթլում ՌԴ հյուպատոսարանի փակման մասին: Հայտնի է, որ ԱՄՆ-ից բացի՝ ևս 24 երկիր արտաքսել է ռուս դիվանագետներին: Մինչդեռ ՆԱՏՕ-ն ռուսական առաքելության թվաքանակը նվազեցրել է՝ հասցնելով 20 մարդու:
Հայտնի է, որ Եվրամիությունը Մոսկվայից խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին: ԵՄ-ի օրինակին են հետևել Բուլղարիան, Մալթան, Պորտուգալիան, Լյուքսեմբուրգն ու Սլովակիան:
Ռուսաստանի դեմ ուղղված միջազգային ակցիան իրականացվել է Սոլսբերիում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման սկանդալի ֆոնին: Պաշտոնական Լոնդոնն ու Արևմուտքը կատարվածի համար մեղադրում են Մոսկվային, մինչդեռ Կրեմլից հայտնում են, որ այդ մեղադրանքներն անհիմն են:










