ՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Սարմատ» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման տեսանյութը (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ծանր դասի «Սարմատ» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման պահը ցուցադրող տեսանյութը։ Կադրերը հրապարակվել են պաշտպանական գերատեսչության YouTube-ի էջում։
22 վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում է սևուսպիտակ հրթիռի արձակման պահը, գրում է lenta.ru-ն։
Այսօր ավելի վաղ ՊՆ «Կարմիր աստղ» թերթը գրել էր, որ Արխանգելսկի մարզի Պլեսեցկ տիեզերակայանում տեղի են ունեցել «Սարմատ» հրթիռի փորձարկումները։
Ծանր դասի «Սարմատ» նորագույն հրթիռը նախատեսված է սպառազինության ընդունել 2019-2020 թվականներին։ Նոր հրթիռային համակարգը կփոխարինի «Վոյեվոդ» համալիրին, որը ստեղծվել է Խորհրդային Միությունում: Ըստ այն մշակողների՝ «Սարմատ»-ի թռիչքի երկարությունը մոտ 16.000 կմ է։










