Սերգեյ Սկրիպալի՝ ուշքի եկած դուստրն արագ վերականգնվում է. Sky News

13:51 • 30.03.18

Անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորումից հետո ուշքի եկած ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ 33-ամյա Յուլյա Սկրիպալը, արդեն կարող է ուտել ու խմել: Այս մասին հայտնում է Sky News-ը:

Իշխանությունները հույս են հայտնել, որ Յուլյա Սկրիպալն ի վիճակի կլինի հարձակման վերաբերյալ մանրամասներ հաղորդել: 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահության ծառայությունը հաղորդել էր Յուլյա Սկրիպալի վիճակի բարելավման մասին: Նրա վիճակն այլևս չի գնահատվում որպես ծայրահեղ ծանր. նա արագ վերականգնվում է: Սակայն նրա հայրը՝ Սերգեյ Սկրիպալը, դեռ գտնվում է կայուն ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։


Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ հարձակման պատասխանատուն, անկասկած, Մոսկվան է: Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ Մոսկվային չեն ներկայացվել:


Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտեսի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: 


Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: