Թուրքիայում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. մահացել է 17 մարդ

13:35 • 30.03.18

Ներկայիս Թուրքիայի Իգդիր նահանգում վթարի է ենթարկվել ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող միկրոավտոբուսը, ինչի հետևանքով մահացել է 17 մարդ, 36-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ միկրոավտոբուսը տեղափոխում էր Աֆղանստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիների, որոնք ապօրինի կերպով հատել էին թուրք-իրանական սահմանը: Այն բռնկվել է Իգդիր-Կարս մայրուղու վրա՝ սյանը բախվելու հետևանքով:

Նշվում է, որ 14 ուղևորի համար նախատեսված միկրոավտոբուսում եղել է ավելի քան 50 մարդ:

Ականատեսների համաձայն՝ հարվածի ուժի հետևանքով ուղևորների մի մասն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա, և նրանցից ոմանց վրաերթի են ենթարկել այդ պահին մայրուղով անցնող ավտոմեքենաները, որոնք չեն հասցրել արգելակել:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, հրշեջ ծառայության աշխատակիցներն ու բուժաշխատողները: Հրդեհն արագ մարվել է, տուժածները հոսպիտալացվել են: