Ազատական շուկան պետք է ունենա սնանկ ճանաչվելու գործիքը. տնտեսագետը՝ սնանկության գործերի մասին

22:50 • 31.03.18

Եթե խնդիրն այն է, թե արդյո՞ք փոքր և միջին բիզնեսն աջակցություն ստանում է, թե՝ոչ, ապա պատասխանը միանշանակ է՝ ոչ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում բիզնեսի զարգացմանը: Նա շեշտեց, որ հայաստանյան միջավայրը չի կարող նպաստել բիզնեսի գոյատևմանը, քանի որ մենք ունենք խոշորներ, և իշխանություններն այս առումով ոչինչ չեն անում:

«Ամենապարզ օրինակն առևտրի վիճակն է, գնալով` խոշոր սուբյեկտների դերը մեր տնտեսության մեջ աճում է: Ամբողջ աշխարհը մի շարք մոդելներ ու օրինակներ ունի, օրինակ՝ սահմանափակում են խոշորների գործունեությունը՝ կլինի ժամով, օրով կամ այլ կերպ: Իսկ մեզ մոտ խոշորը միայն անզուսպ աճում է, փոքրը` մնում տեղում»,- ասաց Բագրատ Ասատրյանը:

Տնտեսագետն, արձագանքելով դիտարկմանը, որ մի շարք երկներ ՓՄՁ-ներին աջակցություն ցույց տալու համար մի քանի տարով ազատում են հարկերից, ասաց, թե ինքը խնդրի կարգավորումը հարկերից ազատելու մեջ չի տեսնում: Ավելին՝ կարծում է, որ հարկերից ազատելը տնտեսավորողին փչացնելու ձև կարող է լինել:

«Հարկերից ազատվելը պատուհան է, որտեղից փորձում են խցկվել մեծերը, քանի որ խոշորների մեծ մասը մասնատում են իրենց ընկերությունները, սա հավերժական պայքար է: Իշխանությունն ավելի խելամիտ միջոցների պետք դիմի, պետք է հարկային քաղաքականությունն այնպիսին դարձնի, որ շահեկան լինի: Այո՛, ինչ-որ հատվածեր կան, որ կարելի է հարկերի փոփոխություն անել: Մեր թիվ մեկ խնդիրը զբաղվածություն է, իսկ ՓՄՁ-ն դա ապահովում է, դրա համար կարող են արտոնություններ տալ, որ, օրինակ` X  զբաղվածություն ապահովողը կարող է արտոնություն ունենալ»,- ընդգծեց  տնտեսագետը:

Ինչ վերաբերում է հարցին, որ 2008 թ.-ից մինչև 2016 թ.-ն 8908 սնանկության գործ է եղել, որոնից միայն 500 ընկերությունն է առողջացման ծրագիր ներկայացել, տնտեսագետը նշեց, թե սնանկության խնդրը մի քիչ այլ է: Նա նկատեց, որ սնանկության գործերը մեր տնտեսության համար իրավական առումով նոր երևույթ են:

«Սնանկությունը շատ ժամանակ զուտ ինքնապաշտպանության միջոց է, քանի որ այդ կերպ չկատարված պարտավորություններն ավարտվում են, հակառակ դեպքում, եթե այդ «դանակով կտրելը» չլինի, ապա ավելի վատ կլինի ոչ բարվոք տնտեսական վիճակում գտնվողերի համար: Տնտեսապես վատ վիճակում գտնվող տնտեսվարողի վիճակն ավելի կվատանա, պարտքերի կուտակումը կշարունակվի, հարկերը կվճարեն, իսկ այս կերպ այս ամեն ընդհատվում է»,- շարունակեց նա:

Միևնույն ժամանակ Բագրատ Ասատրյանն ընդգծեց, որ իհարկե, լավ կլիներ, որ սնանկության գործեր չլինեին, քանի որ դա կվկայեր կայուն բիզնես միջավայր ունենալու մասին: Սակայն տնտեսագետն ավելացրեց, որ ազատական տնտեսական համակարգը սնանկ ճանաչվելու գործիքը պետք է ունենա:

«Ազատականությունը միայն կարգավորման երաշխիք չէ, նաև կորուստների ռիսկ կա: Անկախ ամենից այստեղ իրավական առումով լուծումներ պետք է լինեն, հնարավորություն նոր սկզբի համար, որը կարող է և լինել սնանկ ճանաչվելը: Իհարկե, լավ կլինի, որ սնանկության գործեր չլինեն, բայց սա նաև տնտեսվարողների վիճակի շտկման միջոց է, պետք չէ սնանկության գործերին սարսափած վերաբերել»,- եզրափակեց Բագրատ Ասատրյանը:

 

ՀեղինակԱնի Օհանյան