Հանքարդյունաբերողների համար վտանգ չկա, օրենքը հետադարձ ուժ չունի. Գ. Մակարյանը՝ հանքարդյունաբերողների իրական տերերի բացահայտման մասին

18:40 • 31.03.18

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը դրական է վերաբերում Կառավարության այն նախագծին, որ  2020 թ.-ից սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե այս որոշման հիմքում ընկած են նաև հանքարդյունաբերության միջավայրում էկոլոգիայի խնդիրները, որոնք էլ իրենց հերթին պայմանավորված են կոռուպցիոն ռիսկերով:

«Բան այն է, որ հանքարդյունաբերական ձեռնարկությունները ստեղծում են հատուկ հիմնադրամներ, որոնք բարեգործական ծրագրերի շրջանակում փորձում են փոխել իրենց նկատմամբ տրամադրությունները: Սկսում են շահել համայնքների սիրտը՝ տեղում ինչ-որ բարեգործություն կատարելով, սոցիալական ծրագրեր իրականացնելով, քանի որ իրենց համար ճանապարհ են հարթում: Այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, որ օրենքները գրվում, փոփոխվում են ի շահ հանքարդյունաբերողների: Հետևաբար, կառավարության այս որոշումները նաև սրա ազդեցության հետևանք են»,- ասաց նա:

Մակարյանը նաև նկատեց, որ ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում 2 կարևոր սկզբունք կա՝ մարդու իրավունքներ և շրջակա միջավայրի պաշտպանություն: Ըստ նրա՝ ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների համատեքստում կառավարություն ուզի, թե չուզի, միևնույն է, պետք է գնա նման որոշումներ կայացնելու ճանապարհով, քանի որ ոլորտն ավելի թափանցիկ պետք է լինի:

«Բայց այս որոշման մեջ հանքարդյունաբերողների համար վտանգ չկա, խնդիրներ չեն ունենա, որովհետև օրենքը հետադարձ ուժ չունի: Անկախ ամենից, թափանցիկ ոլորտը լավ է, քանի որ պետք է իմանալ՝ ով ով է, որտեղ է»,- շարունակեց նա:

Վերջինս համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե հանքարդյունաբերությունից բացի ՀՀ աշխատանքային շուկայում այլընտրանք չկա: Գագիկ Մակարյանը գտնում է, որ այսօր շատ ակտիվ զարգանում է մետաղամշակումը, մեքենաշինությունը, կարի ոլորտը, կարելի է նաև զարգացնել տուրիզմը:

«Նույն հանքերը կարող են տուրիստները գնալ, տեսնել, թե ինչպիսի հանքափորեր են արվել, թափոններին հեռվից նայեն և այլն: ՀՀ-ում և Արցախում կարող է լինել անտառային տուրիզմ, հատկապես` Արցախում, որտեղ անտառները խիտ են, հատապտուղները՝ շատ: Կարող է լինել նաև որսորդական տուրիզմ, այսինքն՝ զենքի կիրառում սովորեցնել, պալիգոններ ստեղծել, ձիերով որսի տանել և այլ: Ինչպես նաև ՀՀ-ում սկսել է ակտիվ զարգանալ դեղորայքի և բժշկական գործիքների արտադրությունները, որտեղ մարդիկ կարող են աշխատուժ ներգրավել: Իհարկե, աշխատատեղ էր են ապահովում նաև մեր ավանդական ոլորտները՝ պահածոյացում և այլն, շինարարություն էլ կարող է լինել: Հանքարդյունաբերության աշխատողները կարող են տեղափոխվել այս ոլորտներ»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը:

 

 

ՀեղինակԱնի Օհանյան