ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցության նվազեցումը ՀՀ-ի դեմ կիրառվող պատիժ չէ, այլ համընդհանուր քաղաքականություն․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ԱՄՆ նոր վարչակարգը փոխել է իր մոտեցումները երկրներին ֆինանսական աջակցության հարցում: Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց՝ Թրամփի վարչակարգի արտաքին քաղաքական դոկտրինի առանցքն է «ամեն ինչ ի շահ Ամերիկայի» ձևակերպումը:
Նա 2019 թվականի համար Հայաստանին ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցության կրճատումն այդ տրամաբանության մեջ է տեսնում: «Թրամփի վարչակարգն ընտրել է օգնությունից դեպի համագործակցություն ձևաչափը, որի վերաբերյալ մենք վերջերս թե՛ Սպիտակ տանը, թե՛ Պետդեպում քննարկումներ ենք ունեցել: Եվ այո, մենք կարծում ենք, որ իսկապես ժամանակն է Միացյալ Նահանգներից ակնկալել ոչ միայն օգնություն, այլ նաև ինչ-որ բան առաջարկել, այսինքն՝ փոխշահավետ գործակցություն»,- ասաց նա:
Նշենք, որ ԱՄՆ կառավարությունը հրապարակել է 2019 թվականին արտաքին ֆինանսական աջակցության համար նախատեսվող բյուջեն: Ըստ հրապարակվածի՝ Հայաստանին նախատեսվում է տրամադրել 6 040 000 դոլար, Ադրբեջանին՝ 4 000 000 դոլար, իսկ Վրաստանին՝ 31 100 000 դոլար: Հավելենք, որ 2018-ին Հայաստանին տրամադրվել է 6 800 000 դոլար, Ադրբեջանին 1 000 000 դոլար, իսկ Վրաստանին՝ 34 100 000: Հատկանշական է, որ Հայաստանը 2017 թ ստացել է 25 200 000 դոլարի ֆինանսական աջակցություն:.png?1522492217465)
Նաիրա Զոհրաբյանը Հայաստանին ԱՄՆ-ից ուղղված ֆինանսական աջակցության նվազեցումը չպայմանավորեց քաղաքական գործոններով: Նրա կարծիքով՝ դա Հայաստանի դեմ կիրառվող «պատիժ» չէ, այլ համընդհանուր քաղաքականություն ոչ միայն Հայաստանի, այլ նաև բազմաթիվ երկրների հանդեպ: «ԱՄՆ-ում բավականին լավ են իրազեկված Հայաստանի ներքին մարտահրավերներից, առաջին հերթին` կոռուպցիայի մակարդակից, դատական համակարգում առկա բազմաթիվ խնդիրներից»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ մեկ բան հստակ է՝ Թրամփի վարչակարգի արտաքին քաղաքական շեշտադրումները և, ընդհանրապես, ռազմավարությունը էականորեն տարբերվում է նախորդ վարչակարգերից:
Խոսելով արդեն Հարավային Կովկասում ԱՄՆ-ից ամենաշատ ֆինանսական աջակցություն ստացած երկրի՝ Վրաստանի մասին՝ ԱԺ պատգամավորը նկատեց, որ Վրաստանը դիտվում է որպես ԱՄՆ-ի համար մեծ հետաքրքրությունների տիրույթում գտնվող երկիր: «Այդ պատճառով է, որ Վրաստանին ուղղված ֆինանսական աջակցությունը չի նվազել»,- ասաց նա:
Ըստ նրա՝ Ադրբեջանի դեպքում էլ կիրառվել է նույն մոտեցումը, ինչը կիրառվել է Հայաստանի և շատ այլ երկրների դեպքում: Բայց դրա հետ մեկտեղ նա նշեց, որ չնայած թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրամիությունը շատ լավ գիտեն, որ ի դեմս Ադրբեջանի, գործ ունեն տարածաշրջանում տոտալիտար մի հանգույցի հետ, բայց այնուամենայնիվն այդ երկրի հետ տնտեսական շահերը հաճախ գերակա են դառնում քաղաքական մոտեցումներին և գնահատականներին: «Շատ դեպքերում, այո՛, Ադրբեջանը և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրամիության կողմից չի արժանանում համարժեք պատասխանի և գնահատականի»:
Նա չհամաձայնեց այն դիտարկումների հետ, թե Հայաստանը պետք է ԱՄՆ-ին սիրաշահի, դուրս գա ռուսական ազդեցության տակից՝ ԱՄՆ-ի աջակցությունից չզրկվելու համար:
«Մենք, ունենալով մեր շահը, պետք է կարողանանք ճիշտ և գրագետ հարաբերություններ հաստատել թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Ռուսաստանի հետ: Այո՛, շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները մեզ տեսնի որպես ինքնուրույն գործոն, երկիր, որն ունի իր արտաքին քաղաքական օրակարգը և պատրաստ է փոխշահավետ համագործակցության»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց, թե իր տպավորությամբ, ինչ կարծիք կա Հայաստանի մասին ԱՄՆ-ում: Նա նշեց, որ այն կոնգրեսականները, որոնք ծանոթ են Հայաստանին ավելի մոտից, շահագրգռված են Հայաստան-Միացյալ Նահանգներ, հատկապես` տնտեսական կապերի ակտիվացմամբ:
«Բայց ես անկեղծ չեմ լինի, եթե չասեմ, որ այնտեղ որոշ շրջանակներ կան, որոնք կարծում են, որ մենք չենք կարող Ռուսաստանից անկախ քաղաքականություն վարել, ինչը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ ընկալում չէ»,- ասաց նա:
Պատասխանելով դիտարկմանը, թե հնարավոր է, որ ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցությունը մի օր արժանանա «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի ճակատագրին` Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամը նկատեց, որ չնայած իր իշխանական գործընկերները փորձում են այստեղ քաղաքական բաղադրիչ տեսնել, բայց ինքը վստահ է, որ այդ ծրագրի դադարեցման պատճառը նաև ՀՀ-ին տրվող ֆինանսական միջոցների չարաշահումներն ու ոչ արդյունավետ օգտագործումն էր:
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով ԱՄՆ-ը ՀՀ-ին չի կանգնեցի ՌԴ-ի և Արևմուտքի միջև ընտրություն կատարելու առջև՝ սպառնալով ընդհանրապես զրկել ֆինանսական աջակցությունից, քանի որ, իր ընկալմամբ, որևէ երկիր, անկախ իր համաշխարհային լիդերներից մեկը լինելուց, իրավունք չունի որևէ այլ երկրի կանգնեցնել ընտրության առջև:
«Ի վերջո, մենք ունենք մեր արտաքին քաղաքական օրակարգը: Մենք հասկանում ենք մեր տարածաշրջանի զգայուն խնդիրներն ու մարտահրավերները։ Պետք է կարողանանք, մեր երկրի շահը դոմինանտ համարելով, հավասարակշիռ և բալանսավորված հարաբերություններ ունենալ գերտերությունների հետ»,- ասաց նա:










