Գոնե ապրիլից հետո պիտի անցնենք տնտեսության արդարացի կազմակերպման, այլապես պետություն դառնալու ճանապարհին մեծ դժվարություն կունենանք. Սերգեյ Բագրատյան
Հայաստանն այսօր բավարար միջոցներ չունի, բայց բավարար միջոցներ ունենալու հնարավորություններ կան. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` նշելով, որ հաստատված մենաշնորհների գոնե մի մասից պետք է հրաժարվել:
Սերգեյ Բագրատյանի գնահատմամբ՝ եթե մենաշնորհներից չեն հրաժարվում, պետք չէ ներդրումներ սպասել:
«Անհնար է մենաշնորհված դաշտում նոր աշխատատեղեր ունենալը, աշխատավարձի բարձրացում սպասելը, որովհետև պատկերացրեք՝ միայն մի ընկերություն է արտադրում ինչ-որ մի բան, միայն իրեն է դա թույլատրված։ Նա էլ հնարավորինս քիչ աշխատող է պահելու` քիչ աշխատավարձով, քիչ հարկերով, որպեսզի շատ շահույթ ունենա: Ինչո՞ւ պիտի նա ցանկանա աշխատավարձը բարձրացնել, իսկ եթե լինի երկրորդ արտադրողը, ասելու է՝ ես այս լավ մասնագետին ավելի բարձր կվճարեմ, կտանեմ ինձ մոտ աշխատելու, ինքն էլ կասի` ավելին տամ, որ մնա ինձ մոտ, այսինքն` մրցակցությունը բերելու է աշխատավարձի բարձրացման»,-նշեց պատգամավորը:
Վերջինս նկատեց նաև, որ եթե մրցակիցն էլ տեսնում է, որ իր ապրանքն ավելի շատ են գնում, սկսում է այլ լուծումներ, այլ արտադրություն գտնել, տեղական հումք ներգրավել ու զարգացնել, ինչն էլ նոր ներդրումներ է բերում:
«Այ, սա պետք է դնել սեղանին։ Այո, մենք խնդիրներ ունեցող պետություն ենք, ընդունում ենք, որ բաներ կան, որ մենք չգիտենք, չենք էլ ուզում իմանալ։ Լավ, ասենք`այս 15, 30 կամ 50 ապրանքները մնան մոնոպոլիա, համարենք, թե կենսական անհրաժեշտության խնդիր է: Եթե վաղն էլ, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, դիզել չունենանք մրցակցության մեջ, ոչ ոք դրանով չի զբաղվելու, իրեն բիզնես է հետաքրքրելու: Նույնիսկ համաձայն ենք, որ դա դառնա պետական մոնոպոլիա, ոչ թե մնա մասնավորի ձեռքին, ընդունում ենք այդ խաղի կանոնները, բայց մնացած 1000–ից ավելիին թողեք ազատ աշխատեն»,-նշում է նա:
Սերգեյ Բագրատյանի համար պարզ է, թե ինչու իշխանությունները կամք չեն դրսևորում: «Մեր իրականության մեջ շատ բիզնեսմեններ ընտրությունների ժամանակ ծախսեր են կատարում՝ ակնկալելով, որ նոր իշխանության դեպքում իրենց ծախսերը կփոխհատուցվեն: Նոր իշխանությունը`առնվազն ներքևի ճյուղերով, անընդհատ թմբկահարում են, որ այս մարդիկ մեզ օգնել են, թույլ տվեք իրենց ծախսերը հանեն` դրանից բխող բոլոր հետևանքներով: Մենք սա պետք է դադարեցնենք»,-ասաց նա:
Ըստ Բագրատյանի`երբ այս շղթան կանգ առնի, ժողովուրդը կսկսի աշխատել: «Ժողովուրդը մժեղի պես պետք է աշխատի, ինքն անընդհատ պետք է ապրանք բերի, տանի, արտադրի։ Այդ ժամանակ, մենք կարող ենք հայտարարել մեր՝ դրսում գտնվող հարազատներին, որ եկեք, այստեղ արտադրություն կազմակերպեք, մենք նաև ցույց կտանք ուղղությունները: Այս պահին, օրինակ` ինձ, շատերն են դիմում, որ բերենք, գումար ներդնենք, ես ասում եմ՝ ես վախենում եմ, տղերք ջան, պատասխանատվություն չեմ վերցնի, ես չգիտեմ՝ այդ բիզնեսի վերջն ինչ կլինի: Սա պիտի անենք, իսկ ես հույս ունեմ, որ գոնե ապրիլից հետո կանցնենք այդ ճանապարհը, այլապես մենք պետություն դառնալու ճանապարհին մեծ դժվարություն կունենանք»,-նշեց Բագրատյանը:
Նա հավելեց, որ այսօր պատերազմող Իսրայելը մեկ շնչին բաժին ընկնող գյուղատնտեսական ապրանքով վեցերորդ տեղն է աշխարհում՝ շնորհիվ տնտեսության արդարացի կազմակերպման:










