Եթե դպրոցի տնօրեն լինեի, ինձ տային այդ ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությունը, կասեի՝ տարե՛ք, 7 դարակի տակ պահե՛ք այն. Անահիտ Բախշյան

10:53 • 01.04.18

Երկարամյա մանկավարժ, դպրոցի տնօրեն, հասարակական- քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանի կարծիքով՝ պետք է 7 դարակի տակ պահել  «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն» կոչվող փաստաթուղթը, որը ԿԳՆ-ը տեղադրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«Ուղղակի բովանդակությունը որ կարդում եմ ես՝ մանկավարժս, անմիջապես ուզում եմ տեղափոխվել այն ժամանակներ, երբ դպրոցի տնօրեն էի, ստանայի այդ թուղթը և պարզապես ասեի՝ հեռո՛ւ տարեք այն, տարեք, 7 դարակի մեջ պահեք, որ ոչ ոք չտեսնի»,- Tert.am -ին ասաց Անահիտ Բախշյանը:

Նա վստահ է, որ այս փաստաթուղթը  ինչ-որ տեղից, ինչպես ինքը ձևակերպեց, «թխած է», բայց որտեղից՝ չգիտի ու չի ուզում իմանալ:

Հիշեցնենք, որ այս օրինագիծը դրա վերաբերյալ  փորձագիտական կարծիքների շրջանակում արդեն իսկ բավականաչափ քննադատության է ենթարկվել՝ դրանում առկա քսենոֆոբ և, մեղմ ասած, անհասկանալի ձևակերպումների առումով:

Այստեղ, օրինակ, կա  կետ, որում սևով սպիտակի վրա ասված է, թե մեր ներքին մարտահրավերների թվում է «օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը»:

Անահիտ Բախշյանը, չցանկանալով սևեռվել, ինչպես կրկին ինքը ձևակերպեց՝ առանձին և շատ տգեղ տերմինների վրա, ընդհանուր առմամբ փաստաթղթի մասին ասաց, որ դրա անհրաժեշտությունը, կարիքն ու հրատապությունը պարզապես չի հասկանում:

«Որովհետև դաստիարակությունն էլ, հայրենասիրությունն էլ ո՛չ ծրագրով են անում, ո՛չ հայտարարություններով, ո՛չ էլ դրա վերաբերյալ դոկտրին են գրում … դա արվում է օրինակով. Երեխան, եթե տեսնում է մանկավարժների, տնօրենների, ղեկավարների օրինակը, և դա իր համար գրավիչ է լինում, համոզիչ ու ճիշտ, ապա նա այդ օրինակն ընդօրինակում է: Իսկ, որպեսզի տարբերեն ճիշտը սխալից, պիտի դպրոցում ստացած կրթության մեջ տարբերակվեն թե՛ մարդասիրություն, թե՛ մարդու իրավունք, թե՛ հայրենիք հասկացությունները»:

Նշենք, որ նախագծում այսպիսի մի ձևակերպում կա. «ՌՀԴ-ն անձի ձևավորման մշտական գործընթաց է, որն ուղղված է հայրենիքի հանդեպ սիրո ցուցաբերման, նրա պաշտպանությանը բարոյապես և ֆիզիկապես պատրաստ քաղաքացու ձևավորմանը: Կամ՝  … նպաստելով գործունյա,  հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացու ձևավորմանը, հայոց բանակում պատանիների ծառայության նախապատրաստմանն ու պարտքի  զգացումի ձևավորմանը, զինվորականի մասնագիտության հանդեպ գրավչության մեծացմանը…»։ 

Իրավապաշտպանները սա գնահատել էին որպես մասնագիտական կողմնորոշում զինվորական գործի նկատմամբ, ոչ, ասենք, նկարիչ, տիեզերագնաց կամ ուսուցիչ դառնալու:

Սակայն Անահիտ Բախշյանը սա համարում է հակակողմնորոշում, քանի որ, նրա խոսքով՝  զինկոմը, եթե նա լավ մասնագետ ու մանկավարժ է, առանց այդ բառերի էլ կարող է երեխայի մեջ սերմանել հայրենասիրություն, հասկացողություն, թե ինչ է հայրենիքը: