Վիրահատվող երեխան ազդրի լուրջ վնասվածք է ստացել, բարեբախտաբար, ոսկորը չի վնասվել. մյուսների վիճակը կայուն է. Արա Բաբլոյան

23:43 • 02.04.18

Միայն մի երեխայի վիճակն է ծանր: Մնացածը տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն՝ թեթևից մինչև ծանր:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ժամանած Աժ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով պայթյունից տուժածների վիճակին:

Հարցին, թե որևէ մեկի կյանքին վտանգ սպառնում է, նա պատասխանեց, որ բոլորի վիճակը այս պահին ստաբիլ է: Բաբլոյանը հավելեց, որ վիրահատվողը ազդրի վերին երրորդականում բավականին մեծ վնասվածք է ստացել, մկանները վնասվել են, վնասվածքը մինչև ոսկոր է հասել, բարեբախտաբար, ոսկորը չի վնասվել:  

«Դրանք այրվածքներ չեն, այլ բեկորային վնասվածքներ: Ես և դոկտոր Դալլաքյանը՝ որպես մանկական վիրաբույժներ, մեր պարտքը համարեցինք այցելել այստեղ, բայց եկանք, տեսանք՝ ամեն ինչ կատարված է, և ավելացնելու բան չկա. բարեբախտաբար, երեխաների վիճակը լավ է»,- եզրափակեց Բաբլոյանը:

Հիշեցնենք, որ 22:40-ի սահմաններում Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգում» պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 8 մարդ հոսպիտալացվել է: