Չինաստանում վարորդը փախել է մահացու ելքով ՃՏՊ-ի վայրից՝ չիմանալով, որ դա իր կինն ու որդին են (տեսանյութ)
Չինաստանի Շանդուն նահանգում վարորդը փախուստի է դիմել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից՝ միայնակ թողնելով լուրջ վնասվածքներ ստացած կնոջն ու նրա որդուն և չիմանալով, որ դրանք իր կինն ու տղան են:
Հայտնի է, որ վարորդն ընթացել է շատ մեծ արագությամբ ու հարվածել էլեկտրական սկուտերով ընթացող մորն ու որդուն:
Ինչպես նշում է The Daily Star-ը, տղամարդն անգամ պատկերացում չէր կարող ունենալ, որ, փախչելով դեպքի վայրից, մահվան է մատնում իր իսկ ընտանիքին:
Ավելի ուշ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրան: Երբ տղամարդն իմացել է ճշմարտությունը, չի կարողացել զսպել լացը:
Ականատեսները պատմել են, որ հարվածից հետո տղան տեղում մահացել է, իսկ կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հայտնի է, որ ողբերգական ավտովթարի օրն ընտանիքը պետք է ընթրելու գնար: Այդ պահին տղամարդը շտապում էր տուն, որպեսզի ժամանակին միանա կնոջն ու որդուն:











