Ֆինլանդիայի հարավում ուժեղ ձնաբքի և սաստիկ քամու պատճառով չեղարկվել են տասնյակ չվերթներ
Ֆինլանդիայի հարավում սկսված ուժեղ ձնաբուքն ու սաստիկ քամին դարձել են տասնյակ ավիաչվերթների չեղարկման պատճառ, ինչպես նաև անհարմար իրավիճակի մեջ դրել բազմաթիվ վարորդների, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ֆինլանդիայի օդերևութաբանական կենտրոնին:
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ձյան շերտի բարձրությունը մինչ երեկո կարող է հասնել 20 սմ-ի, սակայն երեկոյան օդի ջերմաստիճանը կբարձրանա, և կսկսվի անձրև, իսկ ցուրտ ցիկլոնը կտեղափոխվի դեպի երկրի հյուսիս՝ Լապլանդիա:
Ֆիննական Finnair ավիաընկերությունը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով արդեն չեղարկել է 38 չվերթ: Հայտնի է, որ Հելսինկիից չեղարկված են դեպի Մոսկվա, Պեկին, Ստոկհոլմ, Սեուլ, Հռոմ, Բեռլին, Փարիզ, Վարշավա, Լոնդոն, Բուդապեշտ և այլ ուղղություններով մի շարք ավիաչվերթներ:
Ֆինլանդիայի օդանավակայանների կառավարմամբ զբաղվող Finavia ընկերությունը հայտնել է, որ մինչ այս պահը երկրի կենտրոնական օդանավակայանն իր աշխատանքը կատարել է անխափան կերպով, իրավիճակը կարող է փոխվել երեկոյան ժամերին, ընկերությունը խորհուրդ է տվել քաղաքացիներին պատրաստ լինել չվերթների հնարավոր հետաձգումների:
Բացի այդ, երկրի հարավում նկատվում են ճանապարհային երթևեկության հետ կապված խնդիրներ, ձմեռային անվադողերից արդեն հրաժարված վարորդներին խորհուրդ է տվել խուսափել մայրուղի դուրս գալուց:










