Սևանում խեցգետնի արդյունագործական պաշարը կրկնակի նվազել է․Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն
Վերջին 3-4 տարիների ընթացքում ձկնային ռեսուրսները Սևանում գնալով ավելանում են, իսկ խեցգետնինը հակառակը՝ գրեթե կրկնակի անգամ նվազել են։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ Սևանա լճի էկոլոգիական վիճակը վերջին երկու տարիների ընթացքում բավականին լավացել է, ինչն էլ դրական է ազդել լճում ապրող կենսառեսուրսների վրա։
«Բավականին լավ միտում է նկատվում ձկների աճի առումով։ Սևանա լճում այս տարվա մեր հետազոտությունները ցույց են տվել, որ ձկնային ընդհանուր պաշարները կազմում են մոտ 2300 տոննա, որից 2200–ը բաժին է ընկնում սիգին։ Իհարկե, այդ բոլոր ձկներն արդյունագործական նշանակության չեն։ Արդյունագործական պաշարները սիգի դեպքում հավասարվել է մոտ 554 տոննայի, ծածանը կազմում է մոտ 47 տոննա, իսկ իշխանի պաշարները տատանվում են 15-17 տոննայի սահմաններում»,- հայտնեց Էվելինա Ղուկասյանը։
Խեցգետնի հարցում իրավիճակը հակառակն է։ Ոչ ճիշտ արդյունահանման արդյունքում խեցգետնի պաշարները նվազել են գրեթե կրկնակի անգամ՝ կազմելով մոտ 2700 տոննա։
«Չինական ծալովի որսագործիքների օգտագործման հետևանքով խեցգետինների պաշարները լճում կտրուկ կրճատվեցին։ Թեպետ, սա հանդիսանում էր այն ռեսուրսը, որը փոխարինելու էր եկել ձկանը՝ ձկնային պաշարների սպառման ժամանակ։ Սխալ գործիքի օգտագործման դեպքում հանվում է նաև մանր խեցգետինները»,- ընդգծեց նա։
Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը շարունակում է պնդել, որ Սևանից ձկների և խեցգետինների արդյունահանումը պետք է դեռևս արգելվի։ Էվելինա Ղուկասյանի կարծիքով՝ այդ պաշարը կարող է անմիջապես սպառվել։ Նա անհրաժեշտ է համարում նվազագույն՝ 1000 տոննայի շեմին հասնելը և միայն դրանից հետո կանոնավոր ձկնարդյունահանումը կազմակերպելը։
«Այս մասին պետք է մտածի նաև Սևանի ավազանի բնակչությունը, որովհետև սա նրանց ապագա սերունդների բարեկեցության խնդիրն է։ Եթե այսօր ամբողջովին սպառվեն այդ ռեսուրսները, վաղը նրանք իրենց երեխաներին զրկում են դրանցից օգտվելու հնարավորությունից»,- ասաց նա։
Հարցին, թե Սևանա լճից պարբերաբար ջրի բացթողումը չի վնասում կենսառեսուրսներին, Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը պատասխանեց․ «Քանի որ լիճը բավականին մեծ էկոհամակարգ է և անմիջապես չի կարող բացթողման հետևանքով իջեցմանն արձագանքել, առայժմ դեռևս ոչ մի բացասական երևույթ չի նկատվել։ Սակայն այս տարվա եղանակային պայմանները բնության համար բարենպաստ չէին։ Ջրամբարներում ջուրը շատ քիչ է, եթե երաշտային վիճակ լինի, բնականաբար նորից կանդրադառնան Սևանա լճի բացթողումների հարցին, ինչը անցանկալի է և ցանկացած իջեցում բացասաբար է անդրադառնում էկոհամակարգի վրա»։










