Պետերբուրգում կինը վարձակալած բնակարանի վերանորոգման ժամանակ հայտնաբերել է տանտիրոջ մումիան

15:32 • 02.04.18

Սանկտ Պետերբուրգ քաղաքի բնակչուհին իր վարձակալած բնակարանում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու ժամանակ խորդանոցում հայտնաբերել է մումիացած դի, որը, հավանաբար, տան տիրոջ դին է:

Ինչպես նշում է life.ru-ն՝ իրավապահ մարմիններին հղումով, դիակի գլխին տոպրակ է հագցված եղել, իսկ մարմնին աղբ ու մոնտաժային փրփուր է լցված եղել: 

Կինը պատմել է, որ պատահաբար է գտել մարմինը: Նա բնակարանը միջնորդի միջոցով վարձով էր վերցրել ու պարտավորվել էր իր հաշվին վերանորոգել այն: Նա ընդգծել է, որ գործ է ունեցել միայն անշարժ գույքի գործակալի հետ ու երբևէ չի տեսել տանտիրոջը:

Մինչդեռ հարևանները պատմել են, որ տան 53-ամյա տերն անհետացել էր մոտ 10 տարի առաջ: Իսկ մինչ այդ նա ապրում էր մի կնոջ հետ, որն էլ նրա անհետացումից հետո սկսել է բնակարանը վարձով տալ:

Ներկայում գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել: