ՌԴ-Արևմուտք լարվածության աճը կարող է ժամանակավորապես բարդացնել «և՛, և՛»-ի քաղաքականությունը. Ա. Նավասարդյան

22:50 • 02.04.18

ՌԴ-Արևմուտք լարվածության աճը որոշ չափով կարող է բարդացնել «և-և»-ի քաղաքականությունը, սակայն` ժամանակավոր: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Եթե հայկական դիվանագիտությունը գտնվի ավելի ճկուն և բանիմաց, ապա կարող է նույնիսկ օգուտ քաղել ստեղծված իրավիճակից և դիվիդենտներ շահել «և-և»-ի քաղաքականության շրջանակներում»,- նշեց նա: Դեսպանը չափազանցված է համարում կարծիքները, թե Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրացումը կարող է վտանգներ առաջացնել Հայաստանի համար:

- Ռուս գործակալ Սկրիպալի թունավորման միջադեպի շրջանակներում Մեծ Բրիտանիայից հետո Ռուսաստանի դիվանագետներին արտաքսելու մասին հայտարարեցին ևս 20 տասնյակից ավելի պետություններ: Ռուսաստանն ի պատասխան արտաքսեց ամերիկացի և այլ երկրների դիվանագետներին: Ձեր կարծիքով՝ Ռուսաստան-Արևմուտք լարվածության աճը ինչպե՞ս կարող է ազդել մեր տարածաշրջանի վրա, ի՞նչ վտանգներ կան ՀՀ-ի համար:

- Միջազգային պրակտիկայում դեսպանընկալ երկրից փոխադարձաբար (reciprocity) դիվանագետների արտաքսումը գոյություն ունի վաղուց ի վեր։ Այդ գործընթացը, որպես կանոն, հաջորդում է երկու երկրների միջև հարաբերությունների սրմանը, պատերազմական գործողությունների սկզբնավորմանը կամ այս կամ այն պատճառով դիվանագիտական հարաբերությունների սրմանը։ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարվածությունը, որն իր հետ բերում է ընդհանուր միջազգային մթնոլորտի լարվածությանը, բնականաբար, բացասաբար կազդի ինչպես համընդհանուր, այնպես տարածաշրջանի քաղաքական մթնոլորտի վրա, թեկուզ այն պատճառով, որ մենք ապրում են գլոբալ ինտեգրացիայի և փոխկապակցված աշխարհակարգի պայմաններում։ Հայաստանի համար վտանգներ տեսնելը, սակայն, չափազանցություն կլիներ։ Իհարկե, նորմալ պայմաններն ավելի նախընտրելի են բոլորի և մեզ համար։ Հիմա ճգնաժամը հասել է եռման կետին։ Ես այն կանվանեի «Կարիբյան ճգնաժամ 2»։ Սակայն նման լարվածությունը չի կարող երկարատև լինել։ Սովորաբար դրան հաջորդում է իրադրության հանդարտեցում և հարաբերությունների կանոնակարգում։ Այնպես որ, մեծ վտանգ Հայաստանի համար այստեղ ես չեմ տեսնում։

- Կարծիքներ են հնչում, որ այս լարվածությունը կարող է բարդացնել այսպես կոչված՝ «և-և»-ի քաղաքականությունը: Այս դեպքում, և՛ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Հայաստանին կարող են ընտրության առաջ կանգնեցնել: Ի՞նչ կասեք այս մասով:

- Որոշ չափով կարող է բարդացնել, սակայն ժամանակավոր։ Եթե հայկական դիվանագիտությունը գտնվի ավելի ճկուն և բանիմաց, ապա կարող է նույնիսկ օգուտ քաղել ստեղծված իրավիճակից և դիվիդենտներ շահել «և-և»-ի քաղաքականության շրջանակներում։ Սա թերևս պարադոքսալ թվա, բայց դա այդպես է։

- ՌԴ-Արևմուտք և Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների վատացման պարագայում կանխատեսվում է Ռուսաստան-Թուրքիա էլ ավելի մերձեցում: Այսպիսի խոսք կա՝ սպասիր լավին, բայց պատրաստ եղիր վատագույնին: Թուրքիայի և Ռուսաստանի մեկուսացման և միմյանց հետ հարաբերությունների խորացման դեպքում վատագույն սցենարը ո՞րը կարող է լինել ՀՀ-ի և Արցախի համար:

- Նախ, ես չէի համարձակվի միանշանակ կանխատեսել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների էլ ավելի մերձեցում։ Հետո, համաձայն չեմ որոշ վերլուծաբանների կողմից շրջանառության մեջ դրված այն թեզի հետ, թե Մոսկվա-Անկարա հարաբերությունների խորացումը վտանգ է պարունակում Հայաստանի համար։ Ընդհակառակը՝ նման քաղաքական ռեալիան կարող է շահեկան լինել մեզ համար։ Այստեղ ևս մեծ է հայկական դիվանագիտության դերը, որից շատ բան է կախված։