Ապրիլյան պատերազմը հեռացրեց խաղաղության պայմանագրի ստորագրումը և բավական չեղավ, որ մեր երկրի կյանքը կարգի բերվի. կարծիքներ
Ապրիլյան պատերազմից կողմերը դասեր քաղել են՝ այդ թվում նաև հայկական կողմը, որը կարծես թե որոշակիորեն կորցրել էր զգոնությունը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:
Նա նկատեց, որ մինչև Ապրիլյան պատերազմն ակտիվ բանակցային գործընթաց կար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները նույնպես բավականին ակտիվ էին, իսկ կողմերը կարծես թե կառուցողական դիրքորոշում ունեին, ինչն էլ, ըստ Թորոսյանի, որոշակիորեն թմրեցրել էր հայկական կողմին: Միևնույն ժամանակ Թորոսյանը հիշեց, որ Ապրիլյան պատերազմին նախորդող ժամանակահատվածում Ադրբեջանն ակտիվացրել էր դիվերսիոն գործողությունները, հաճախակիացել էին սահմանային կրակոցները:
«Ամեն դեպքում մարդիկ մի տեսակ հարմարվել էին այն գաղափարին, որ պետք է բանակցային գործընթացն ամեն բան որոշի, կարծում էին, որ առաջնագծում պատերազմի մակարդակի լարվածություն հնարավոր չէ: Այսօր կարող ենք արձանագրել, որ թուլացել էր զգոնությունը, իսկ քառօրյան մեկընդմիշտ մեզ հասկացրեց, որ աշխարհաքաղաքական այս միջավայրում ամեն օր պետք է պատրաստ լինենք: Փոփոխություններն այսօր ակնհայտ ու տեսանելի են, կարծում եմ, որ առաջնագծի ամրապնդման, բանակաշինության գործընթացը մենք պատվով առաջ կտանենք»,- ասաց Թորոսյանը:
Պատգամավորի գնահատմամբ՝ Արցախի հիմնախնդրի հետ կապված բանակցային գործընթացում էլ հաջողություններ արձանագրվել են, սակայն այլ հարթության խնդիր է այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի ցանկանում կատարել իր ստանձնած պարտավորությունները: Նա ապրիլյան էսկալացիայից հետո հաջող բանակցային գործընթացներ համարեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնությունները, դրանց հաջորդած Ժնևյան հանդիպումը:
«Իհարկե, վերջնական ձեռքբերումն այն է, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի, որից այժմ բավականաչափ հեռու ենք, քառօրյա պատերազմն էլ շատ ավելի հեռացրեց այդ խաղաղության պայմանագիրը: Ամեն դեպքում ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացում էլ լարվածությունը թուլացավ: Քառօրյան ցույց տվեց, որ Ադրբեջանը չի կարող իր առջև խնդիր դնել և այն լուծել ռազմական ճանապարհով: Ամեն բան վերջ ունի, վերջ կունենա նաև Արցախյան հակամարտությունը, սակայն այս պահին, դատելով ադրբեջանական հռետորաբանությունից՝ չենք կարող խոսել վերջնական խաղաղության մասին»,- նշեց Շիրակ Թորոսյանը:
Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանն էլ, Tert.am-ի հետ զրույցում խոսելով Ապրիլյան պատերազմի մասին, շեշտեց, որ այն բացահայտեց պետական կառավարման համակարգում բավականին մեծ բացեր:
Նա դժվարացավ ասել՝ արդյո՞ք այդ բացթողումներն այսօր չեզոքացված են՝ հիշելով, որ մինչև ապրիլյան պատերազմ չէին պատկերացում, որ համակարգային բացերն այդ չափի մեծ են:
«Թե ինչ չափով են խնդիրները կարգավորվել՝ դժվար է ասել, քանի որ մեկ այլ արտառոց իրավիճակ պետք է լինի, որ դա երևա: Մինչ այս էլ մենք չէինք տեսնում, որ թերացումներ կային, կամ տեսնում էինք, բայց չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի են»,-շեշտեց նա:
Մյուս կողմից էլ, Պեպանյանը նկատեց, որ հայ ժողովուրդն ապացուցեց, որ իր մոտ չի վերացել կռվելու կամքը, իսկ շատերը մտածում էին, որ այս սոցիալական ու հոգեբանական վիճակում, երբ պատերազմ լինի, հայն ի վիճակի չի լինի կռվել:
Արծրուն Պեպանյանի գնահատմամբ՝ իշխանությունները չկարողացան ճիշտ կառավարել ժողովրդի կոսոլիդացիան:
«Սակայն պատերազմը ցույց տվեց, որ հայն ունի հոգու պաշար և արտաքին վտանգի դեպքում ինքը դեռևս կկարողանա ի մի գալ: Ապշեցուցիչ ինքնակազմակերպում եղավ, բայց տխուրն այն է, որ քանի որ չունենք համապատասխան էլիտա, չկային մարդիկ, որոնք ինքնակազմակերպման տենդենցը կարողանային կապիտալիզացնել և հասցնել մնայուն արդյունքների: Այս դեպքում ունենք ավելի վատ հոգեբանական հետևանք, քանի որ այն ժամանակ մտածում էինք, որ պատերազմը մի բան կփոխի, բայց դա էլ բավական չեղավ, որ մեր երկրի կյանքը կարգի բերվի: Երբ պատերազմը նոր էր, ահազանգում էի, որ ամեն ինչ պետք է անել, որ թույլ չտրվի ժողովրդին ընկել հոգեբանական անդունդի մեջ, ցավոք սրտի, չունեցանք այդ ընտրանին, որ կարողանար այդ խնդիրը լուծել»,- ընդգծեց Արծրուն Պեպանյանը:
Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմի կրկնության հնարավորությանը, բանախոսներն ասացին, թե իրենք չեն կարող հերքել կամ հաստատել՝ կլինի՞ նման էսկալացիա, թե ոչ: Մի բանում վստահ են՝ հայկական կողմը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս վիճակը: Նրանք համոզված են, որ պատերազմական գործողությունների ժամանակ հաղթող է նա, ով պատրաստ է վտանգին ու զգոն է:










