Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի կառավարիչը բողոքարկել է կալանավորման մասին որոշումը
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի կառավարիչ Նադեժդա Սուդդենոկը բողոքարկել է կալանավորման մասին որոշումը։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են Կեմերովոյի Զավոդսկիյ դատարանից։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:
Քննությունը դիտարկում է երկու վարկած՝ կարճ միացում և հրդեհում։ Ի դեպ, ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ առևտրի կենտրոնը, ուրում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով 64 մարդ է մահացել, ինքնակամ կառույց է, կառուցվել է առանց շինարարության թույլտվության։
Առաջին քննչական միջոցառումներից հետո պարզվել է, որ առևտրի կենտրոնում արդեն մեկ շաբաթ չի աշխատել հրդեհի ավտոմատ միացման ազդանշանը, իսկ ծանուցման մասին համակարգը հրդեհի սկսվելուց հետո չի միացրել առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը։
Ողբերգության հետաքննության ընթացքում կալանավորվել է 7 մարդ։ Նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 25-ը։










