Ռիո դե Ժանեյրոյի բնակիչները վախենում են հրաձգության զոհ դառնալուց. հարցում

11:26 • 03.04.18

Ռիո դե Ժանեյրոյի բնակիչների գրեթե 1/3-ն առնվազն մեկ անգամ ականատես է եղել քաղաքի փողոցներում տեղի ունեցած փոխհրաձգության, այս մասին պարզ է դարձել Datafolha սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքում:

Ինչպես գրում է ТАСС գործակալությունը, հարցվածների 30 տոկոսը պատմել է, որ հայտնվել է հրազենի կիրառմամբ բախման կետի տարածքում կամ դրան մոտ: Նրանց 92 տոկոսը վախենում է հայտնվել ոստիկանների ու հանցագործների միջև փոխհրաձգության կենտրոնում: Նույնքան հարցվածներ մտավախություն ունեն, որ իրենք կամ իրենց հարազատները կարող են պատահական գնդակի զոհ դառնալ։

Ընդ որում՝ հարցվածների 39-40 տոկոսը բարձր է գնահատում նման զարգացումների հավանականությունը:

Հարցմանը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի 16 տարեկանից բարձր ավելի քան 1000 բնակիչ:

Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին շրջանում Ռիո դե Ժանեյրո նահանգում զգալիորեն վատացել է անվտանգության հետ կապված իրավիճակը: 2016 թվականի համեմատ՝ 2017 թվականին սպանությունների թիվն աճել է 8 տոկոսով: