Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 6 կնոջ
Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 6 կանանց, որոնք կապված են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, հայտնում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը:
Նշվում է, որ ևս մի թուրք կին դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Աղբյուրը հայտնում է, որ ներկայում Իրաքի բանտերում գտնվում է շուրջ 400 թուրք կին և 200 երեխա: Նրանց ընտանիքները բազմիցս դիմել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով, որ իրենց հարազատները դատարանի առաջ կանգնեն հայրենիքում:
ԻՊ-ի պարտությունից հետո իրաքյան ուժերին հանձնված այս կանայք հայտնել են, որ Իրաք են եկել «Ջիհադի համար պայքարող իրենց ամուսինների կողքին լինելու համար»:
Ընդհանուր առմամբ, Մոսուլի ազատագրումից հետո քաղաքի ստորգետնյա թաքստոցներում հայտնաբերվել էին հազարից ավելի Թուրքիայի, Ռուսաստանի, Միջին Արևելքի երկրների, Գերմանիայի և եվրոպական այլ երկրների քաղաքացի կանայք՝ իրենց երեխաների հետ:
Ավելի վաղ Իրաքում մահվան էին դատապարտվել Թուրքիայի քաղաքացի ևս 15 կանայք:










