Հս. Կորեայի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան ու Ռուսաստան. լրատվամիջոցներ

09:27 • 03.04.18

Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լի Յոն Հոն Փհենյանից մեկնել է Չինաստանի մայրաքաղաք Պեկին, որպեսզի այնտեղից մեկնի Ռուսաստան և Ադրբեջան:

Ինչպես նշում է gazeta.ru-ն՝ NHK հեռուստաալիքին հղումով, հյուսիսկորեացի դիվանագետը նախևառաջ կայցելի Ադրբեջան, որտեղ ապրիլի 5-6-ը կմասնակցի Չմիացած երկրների շարժման (շարժում, որտեղ պետությունները վարում են ռազմաքաղաքական խմբավորումներին չմասնակցելու արտաքին քաղաքականություն) համաժողովին:

Այնուհետ Լի Յոն Հոն կմեկնի Ռուսաստան:

Այնուհանդերձ՝ աղբյուրը նշում է, որ այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել Հյուսիսային Կորեայի կողմից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստվում է մայիսին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ու քննարկել Փհենյանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը: