Ճերմակ նապաստակ, հավկիթներ ու խաղեր. ինչպես են Դոնալդ և Մելանյա Թրամփները Սպիտակ տան բակում նշել զատկական ձվերի գլորման արարողությունը (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկին Մելանյա Թրամփի, ընտանիքի մյուս անդամների հետ Սպիտակ տան բակում կազմակերպել է զատկական ձվերի գլորման ավանդական արարողությունը, որի ժամանակ նախագահական նստավայրի դռները բացվում են հազարավոր երեխաների համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 71-ամյա ղեկավարը բոլորին շնորհավորել է Սուրբ Հարության տոնի կապակցությամբ` չմոռանալով շնորհակալություն հայտնել կնոջը նման հրաշալի միջոցառում կազմակերպելու համար:
Տոնական արարողակարգից հետո Թրամփը և նրա կինը զրուցել են միջոցառմանը ներկա երեխաների հետ: Առաջին տիկինը նրանց համար հեքիաթ է կարդացել, իսկ նախագահը սեղանի խաղեր է խաղացել:
Դատելով լուսանկարներից՝ բոլորը գոհ են մնացել տոնակատարությունից:
Զատկական ձվերի գլորումը Սպիտակ տան առաջ ամեն տարի անցկացվող զվարճալի միջոցառում է: Մրցելով միմյանց հետ՝ երեխաները շերեփով գլորում են եփած ձուն մարգագետնի վրայով:
Առաջին նման միջոցառումն անցկացվել է 1878-ին:

























