Թրամփը կարծում է, որ չի կարողանա թիմ ձևավորել անգամ երկրորդ նախագահական ժամկետի ավարտին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր թիմը չի ձևավորվի անգամ իր հնարավոր երկրորդ նախագահական ժամկետի ավարտին՝ այն պատճառով, որ պաշտոնների համար իր կողմից առաջադրվող թեկնածուների մոտ 40 տոկոսը չի արժանանում դեմոկրատների հավանությանը, հայտնում է Washington Examiner-ը:
«Իմ առաջադրած թեկնածուների 39 տոկոսը, այդ թվում՝ օտար երկրներում դիվանագիտական պաշտոնների համար, հավանության չի արժանացել դեմոկրատների կողմից խոչընդոտների և ձգձգումների պատճառով: Այդ տեմպերով ավելի քան յոթ տարի կպահանջվի, մինչև ինձ թույլ կտան թիմում ունենալ այդ հիանալի մարդկանց: Նման բան անցյալում երբեք չի եղել: Խայտառակություն է»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Ամերիկացի առաջնորդը պարբերաբար քննադատել է դեմոկրատներին թեկնածուների հաստատման գործընթացը դանդաղեցնելու համար:










