Թրամփն «օրհնել» է Հս. և Հրվ. Կորեաներին խաղաղության հարցով բանակցություններ սկսելու համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «օրհնում» է Հյուսիսային և Հարավային Կորեաներին՝ խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունները սկսելու համար, գրում է The Hill-ը:
«Ես տվել եմ իմ օրհնությունը նրանց՝ պատերազմին վերջ տալու հարցի քննարկման համար: Մարդիկ չեն գիտակցում, որ Կորեական պատերազմը դեռևս չի ավարտվել: Այն հենց հիմա շարունակվում է: Եվ նրանք քննարկում են պատերազմին վերջ տալու հարցը: Այնպես որ, ես օրհնել եմ նրանց»,- Ֆլորիդայում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսին կամ հունիսին պատմական հանդիպում է կայանալու ԱՄՆ նախագահի ու հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև: Ակնկալվում է, որ հանդիպման բարեհաջող ընթացքի դեպքում, Կորեական թերակղզու շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը զգալի կթուլանա:
Ավելի վաղ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից սպառնացել էր ոչնչացել Հյուսիսային Կորեան, եթե այդ երկիրը շարունակի միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացումը: Մինչդեռ պաշտոնական Փհենյանն ասել էր, որ այդ ծրագրերի զարգացումն ամերիկյան ագրեսիայից պաշտպանվելու միակ միջոցն են:










