Նիդեռլանդներում թուրք պաշտոնյաներին թույլ չեն տա նախընտրական քարոզարշավի շրջանակում ելույթներ ունենալ թուրքական համայնքի առաջ

17:34 • 21.04.18

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ իրենք չեն ցանկանում իրենց երկրում տեսնել թուրք պաշտոնյաների, որոնք կփորձեն երկրի տարածքում նախընտրական քարոզչություն իրականացնել տեղի թուրքական համայնքի շրջանում, հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Ռյուտեն շեշտել է, որ թուրք պաշտոնյաների՝ Նիդեռլանդներում նախընտրական քարոզարշավի շրջանակում ելույթների կազմակերպումը կարող է վտանգել տեղի հասարակական կարգը, բացի այդ՝ Նիդեռլանդները չի ցանկանում թույլ տալ իր երկրի քաղաքացի հանդիսացող թուրքերի հանդեպ ճնշման գործադրումը:

«Իրականությունն այն է, որ մեզ մոտ գործում է խոսքի ու հավաքների ազատության սկզբունքը, սակայն այն ունի իր սահմանները»,- ասել է Նիդեռլանդների վարչապետը:

Նա հավելել է, որ Թուրքիան ժողովրդավարության հարցում լուրջ խնդիրներ ունի, և այդ հարցում սխալ ուղի է բռնել: Ռյուտեն նշել է, որ մտահոգ է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Նիդեռլանդների իշխանությունները թույլ չէին տվել թուրք երկու նախարարներին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, ապա նաև սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայամ Կայային հանդիպել Ռոտերդամում ապրող իրենց հայրենակիցների հետ:

Նիդեռլանդներում թուրք պաշտոնյաներին թույլ չեն տա նախընտրական քարոզարշավի շրջանակում ելույթներ ունենալ թուրքական համայնքի առաջ