Ցուցարարները սուլեցին ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի ելույթի ժամանակ՝ թույլ չտալով նրան խոսել (տեսանյութ)
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն այսօր հանդիպեց համալսարանի բակում իր հրաժարականը պահանջող ուսանողների և նախկին դասախոսների հետ:
Նա հայտարարեց, որ ինքը գնահատում և արժևորում է ցանկացած համազգային շարժում, բայց նաև կողմնակիցը չէ նրան, որ համազգային շարժումը շահարկվի և դառնա քննարկման առարկա: Դրան ի պատասխան՝ հավաքվածները սուլեցին և գոչեցին՝ «ամոթ», «խայտառակ», «հեռացիր»՝ թույլ չտալով ռեկտորին շարունակել իր ելույթը:
Այնուհետև ռեկտորը փորձեց նամակ փոխանցել հավաքվածներին մեկին, սակայն համալսարանի հեռացված դասախոսներից Գագիկ Համբարյանը նամակը խլեց նրա ձեռքից, պատռեց և շպրտեց ռեկտորի վրա։
Հիշեցնենք, որ այսօր Շիրակի պետական համալսարանի դիմաց նախաձեռնվել էր դասախոսների և ուսանողների բողոքի ակցիան, որին միացել էին նաև քաղաքացիներ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։
Ակցիայի մեկնարկին կազմակերպիչները նշել են, որ պայքարելու են բուհում կատարվող անարդարությունների դեմ, և առաջին պահանջը Սահակ Մինասյանի հրաժարականն է։ Երկրորդ պահանջը ԿԳ նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպումը:
Նշենք, որ բուհի համակարգային խնդիրների ու ենթադրյալ հանցագործությունների մասին բարձրաձայնելու պատճառով, որոշ ժամանակ առաջ ՇՊՀ-ի ռեկտորն ազատել էր դասախոսներ Գագիկ Համբարյանին ու Հովհաննես Խորիկյանին։ Երեկ պաշտոնից ազատվել է նաև պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը։
Tert.am-ի հետ զրույցում Անահիտ Ֆարմանյանն ասել էր,որ ինքը հրապարակային պաշտպանել է բուհից անօրինաբար հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին, ինչից հետո ռեկտոր Մինասյանը «վրեժ է լուծել» և իրեն էլ ազատել աշխատանքից:










