Սաուդյան Արաբիայում հայտնել են, թե երբ կթույլատրեն կանանց մեքենայի ղեկին նստել

00:02 • 09.05.18

Կանայք Սաուդյան Արաբիայում մեքենայի ղեկին նստելու հնարավորություն կստանան հունիսի 24-ին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է թագավորության ճանապարհային երթևեկության գլխավոր վարչության ղեկավարի հայտարարության մեջ:

«Բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները կանանց մեքենա վարելու համար կավարտվեն մինչև հունիսի 24-ը»,- ասվում է հայտարարության մեջ:

18 տարին լրացած կանայք կկարողանան գրանցվել թագավորության տարբեր նահանգների 5 քաղաքի ավտոդպրոցներում՝ վարորդական իրավունք ստանալու համար: Դպրոցներում դասավանդելու են տեղացի կանայք, որոնք վարորդական իրավունք ստացել են արտասահմանում:

Բացի դրանից, այլ երկրում վարորդական իրավունք ստացած կանայք կկարողանան փոխանակել դրանք տեղականի հետ:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի թագավորը հրամանագիր էր ստորագրել, որով առաջին անգամ թույլատրում էր կանանց մեքենա վարել: