Անցած տարի «Այբ» հիմնադրամի «Արարատյան բակալավրիատ» ծրագրին հատկացված 666 մլն-ից շուրջ 250 մլն-ը չի ծախսվել, հետագայում ձևավորվել է որպես կանխավճար. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

13:57 • 15.06.18

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում (որն իրականցվում է «Այբ» կրթական հիմնադրամի համաֆինանսավորմամբ – խմբ․) պետական բյուջեի գումարների ծախսման արդյունավետության վերաբերյալ արդյունքները պարզվել են, որը ոչ թե աուդիտ է, այլ ուղղակի ուսումնասիրություն:

«Պարզվել է, որ անցած տարի հատկացված գումարներից 666 մլն-ից շուրջ 250 մլն-ը չի ծախվել, հետագայում ձևավորվել է որպես կանխավճար»,-ասաց նա:

Ըստ Հարությունյանի՝ այս տարվա գումարը շարունակում է նույնը մնալ: «Բոլոր այս տեղափոխությունների տնավարության գործընթացների արդյունքում ես որոշել և հանձնարական եմ տվել, որ ուսումնասիրվի մեր ներքին աուդիտի կողմից 2015թ-ից սկսված գործունեությունը, երբ որ այդ վճարումները սկսել են արվել, որպեսզի տեսնենք գումարների փոխատեղումները»,-ասաց նա:

Բացի այդ նախարարը նշեց, որ նաև խումբ կստեղծվի, որը մոնիթորինգի կենթարկի արդյունքները: Իսկ թե ինչու չի հանդիպում Կրթության գերազանցության ծրագրի ղեկավար Մեսրոպ քահանա Արամյանի հետ, ինչպես ասել էր ավելի վաղ, Արայիկ Հարությունյանն ասաց, որ ինքը նման հայտարարություն չի արել: «Որտե՞ղ եք տեսել նման հայտարություն: Ձևակերպումները, խնդրում եմ, որ հստակ լինեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հանձնարարել էր «Արարատյան բակալավրիատ»-ի ֆինանսական աուդիտ կազմակերպել: Նա ընդգծել էր, որ շարունակում է համարել, որ «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնաս հասցրած մարդկանցից է:

Իր հերթին  ֆեյսբուքյան գրառման միջոցով Տեր Մեսրոպ քահանա Արամյանն իր խոսքն էր ուղղել ՀՀ վարչապետին՝ հարց բարձրացնելով՝ արդյոք տեղյակ է նա տեղի ունեցածին և կիսում է ԿԳ նախարարի կեցվածքը: «Եթե ոչ, ժամն է որոշում կայացնելու: Եթե կասեցվում է ԱԲ-ի մուտքը դպրոցներ, և այս սեպտեմբերից նախատեսված 14 մարզային դպրոցները չեն սկսում ԱԲ-ի ծրագիրը, ապա կոպտորեն ոտնահարվում է հազարավոր երեխաների կրթության իրավունքը, և արժեզրկվում են պետության կողմից կրթությունը բարելավելու բոլոր խոստումները»,-գրել էր նա: