Ինդոնեզիայում հսկայական պիթոնը կնոջ է կուլ տվել
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում 8 մետրանոց պիթոնի ստամոքսում կնոջ մարմին է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Jakarta Post թերթը՝ հղում անելով ոստիկանությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 54-ամյա Վա Տիբան կորել է հինգշաբթի ուշ երեկոյան: Նա գնացել է իր տնից մոտ մեկ կմ հեռավորության վրա գտնվող տնկադաշտերը ստուգելու, քանի որ վարազները հաճախ փչացնում են բերքը:
Կնոջ ընտանիքն ահազանգել է, երբ նա այդպես էլ չի վերադարձել հաջորդ օրն առավոտյան: Տիբայի քույրը գնացել է փնտրելու նրան, սակայն գետնին նա հայտնաբերել է միայն հետքեր, լապտեր, կոշիկ ու մաչետե:
Կինն անմիջապես օգնություն է խնդրել տեղացիներից, և մի քանի ժամ անց նրանք գտել են փքված որովայնով պիթոնի: Տեղացիները սպանել ու բացել են օձի որովայնը՝ հայտնաբերելով կորած կնոջ մարմինը:










