Հնդկաստանը բարձրացնում է ամերիկյան ապրանքների ներկրման համար սահմանված մաքսատուրքերը

19:56 • 16.06.18

Հնդկաստանը կբարձրացնի ԱՄՆ-ից ներկրվող 30 ապրանքի համար նախատեսված մաքսատուրքերը: Ինչպես հաղորդում է Indian Express-ը, նման որոշում է կայացվել՝ ի պատասխան պողպատի և ալյումինի ներկրման համար Վաշինգտոնի կողմից սահմանված մաքսատուրքերի:

Ներկրվող ապրանքների համապատասխան ցանկը Նյու Դելին ներկայացրել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Նշվում է, որ մետաղագործական որոշ ապրանքների, գյուղապրանքների մի մասի, մի շարք մոտոցիկլետների և այլ տեսակի ապրանքների համար մաքսատուրքերը կհասնեն 50 տոկոսի: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ, Հնդկաստանը հույս ունի պատասխան տնտեսական սահմանափակումներից շուրջ 239 մլն դոլարի եկամուտ ստանալ:

Հիշեցնենք, որ ամերիկյան մաքսատուրքերին պատասխան միջոցներ նախօրեին ձեռնարկել էր նաև Չինաստանը: