Մենք երբեք առարկություն չենք ունեցել, որ եկեղեցին հարկային դաշտ բերվի. Մայր Աթոռի դիվանապետ
Մենք երբեք առարկություն չենք ունեցել, որ եկեղեցին հարկային դաշտ բերվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում եկեղեցին հարկային դաշտ բերելու դիրքորոշումները:
«Հարկային դաշտ բերվելու նպատակը ո՞րն է. որ եկեղեցին մասնակցություն ունենա պետականաշինությանը, կատարի պետության առաջ իր պարտականությունները: Դուք կարո՞ղ եք մատնանշել մի հաստատություն, որը պետականաշինության մեջ այդչափ ահռելի վաստակ, դերակատարություն է ունեցել, որքան Հայ առաքելական եկեղեցին: Պետությունը ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու ողնաշարի վրա»,- ասաց նա և նշեց, որ ազգային ազատագրական պայքարի բոլոր դրվագներն առնչված են եկեղեցու հետ:
«Պետության գոյության տարիների ընթացքում հենց մեր անկախության հռչակման առաջին տարիներից սկսած հիշե՛ք՝ Վազգեն Կաթողիկոսը ինչ ներդրում է ունեցել, պատահական չէր, որ նա առաջին ազգային հերոսը դարձավ, պատահական չէ հայ ժողովրդի՝ պաշտամունքի հասնող սերը նրա նկատմամբ, բայց, դժբախտաբար, մարդիկ սկսում են անձանց վաստակը գնահատել այն ժամանակ, երբ այդ անձինք այլևս ողջ չեն լինում»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե հարկային դաշտ բերելով՝ կփարատվե՞ն եկեղեցու ծախսերի հետ կապված մտահոգությունները, քանի որ գնահատականներ կան, որ մսխվում են շատ գումարներ, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց.
«Հարկային դաշտից մենք բացարձակապես դուրս չենք եղել: Մեզնից պահանջում են եկեղեցապատկան շինությունների համար գույքահարկ, բայց աշխարհի մի շարք երկրներում պաշտամունքային վայրերն ազատված են գույքահարկից, մենք ընդամենը դիմել ենք Կառավարություն, և Ազգային ժողովն ազատել է պաշտամունքային վայրերը գույքահարկից»:
Ինչ վերաբերում է շահութահարկին, ապա նա ասաց, որ եկեղեցին շահութաբեր կազմակերպություն չէ, որ շահութահարկ վճարի, իսկ եկամտային հարկը, կենսաթոշակային վճարները մուծվում են:
«Միգուցե խնդիր կա արդեն նրանով, որ ըստ ձեր ասածի՝ մի շարք մտահոգություններ արտահայտվում են: Մենք կարող ենք նստել և խոսել այդ մասին, որևէ փակ թեմա, տաբու գոյություն չունի, բայց այդ ամենը պետք է անել կառուցողականությամբ, հանդուրժողականությամբ, համբերատարությամբ, սիրով»,- ասաց դիվանապետը և նշեց, որ ոչ մի տեղ ատելությամբ, թշնամանքով հարցեր չեն լուծվի:
Նա նշեց, որ բացարձակ մտահոգություն չունեն, որ կարող է հարկային խստացումներ լինեն: «Մենք ճանապարհներ կգտնենք, կտեսնենք՝ միջազգային իրավունքի պրակտիկայում իրավիճակն ինչպիսին է, վերջիվերջո, մենք մեկուսացված երկիր չենք, ժողովրդավարական երկրների փորձը կնայենք, այնտեղ ևս կան ազգային ավանդական եկեղեցիներ»,- ասաց նա:
Մայր Աթոռի դիվանապետն ասաց, որ իր համար անընդունելի է, որ եկեղեցին, որն ունի 1700 տարվա պատմություն, նույնականացվի կրոնական կազմակերպությունների հետ, բայց նաև չի ասում, որ հավակնություն ունեն չմասնակցել պետականաշինությանը:










