Իրավիճակի հանգուցալուծման երեք հնարավոր տարբերակ կա. Արմավիրի մարզպետն ու Էջմիածնի քաղաքապետը հանդիպել են

13:07 • 17.06.18

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն արդեն հանդիպել են Արմավիրի մարզպետարանում, նրանք այս պահին սպասում են Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջող կողմին` «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացուցիչներին, «Մերժի՛ր Կարենին » նախաձեռնության անդամներին:

«Էջմիածինը բոլոր հայերի սուրբ քաղաքն է, նաև թեմի առաջնորդն է այստեղ։ Մեծ պատրաստակամությամբ սպասում ենք նաև հրաժարական պահանջողներին, որ միասին գտնենք օպտիմալ լուծումը ստեղծված իրավիճակից»,- լրագրողների հետ զրույցում նշել է մարզպետ Գագիկ Միրիջանյանը:

Մարզպետն ասել է, որ դիտարկում են խնդրի լուծման 3 գլոբալ տարբերակ՝ կա՛մ բավարարվում են քաղաքապետի պահանջները, կա՛մ բավարարվում են ցուցարարների պահանջները, կա՛մ պետք է գտնել ճանապարհային քարտեզ և այդ ճանապարհով փորձել լուծում ստանալ:

Tert.am-ի թղթակցի հետ զրույցում «Մերժի՛ր Կարենին» նախաձեռնության անդամներն ասել են, որ չեն պատրաստվում գնալ հանդիպմանը և փոխարենը մարզպետին հրավիրել են Էջմիածին՝ հանդիպման:

Այս պահին Էջմիածնում փակված են մի շարք փողոցներ, Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողները նաև երթ են իրականացնում: