ԱԱԾ-ի գործողություններն անօրինական են, բոլորը բողոքարկել ենք. փաստաբան

11:46 • 17.06.18

Ազգային անվտանգության ծառայության գործողություններն ապօրինի են, բոլոր որոշումները բողոքարկել ենք։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։

«Բոլոր որոշումները՝ դատարանի կողմից խուզարկության թույլտվության, Մանվել Գրիգորյանին բերման ենթարկելու, նրան ձերբակալելու որոշումները, բողոքարկել ենք, դրանք ակնհայտ ապօրինի են»,- ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է պատգամավորի անձեռնմխելիության փաստին, փաստաբան Գրիգորյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանին բերման կարող էին ենթարկել միայն հանցանք կատարելու պահին, այնինչ նման բան չի եղել. «Դա ապօրինի է, հակաօրինական է, և ես դա որպես իրավաբան եմ ասում»։

Փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը:

«Գեներալն իրեն առաջադրված կասկածանքը չի ընդունում»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե տեղյա՞կ է արդյոք՝ Ազգային ժողով միջնորդագիր ներկայացվել է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու, քանի որ ՀՀ Սահմանադրության 96 հոդվածի 2-րդ կետի համաձայն` պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ, փաստաբանն ասաց, որ այդ մասին որևէ տեղեկություն չունի։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով  պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք: Մանվել Գրիգորյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել։