Aquarius փրկարարական նավը ժամանել է Վալենսիա մեկ շաբաթ ծովում դեգերելուց հետո

15:42 • 17.06.18

Գերմանական SOS Méditerranée կազմակերպությանը պատկանող Aquarius փրկարարական նավը կիրակի ժամանել է իսպանական Վալենսիա նավահանգիստ մեկ շաբաթ ծովում դեգերելուց հետո: Մեկ շաբաթ առաջ Իտալիան հրաժարվել է թույլ տալ 629 ներգաղթյալ տեղափոխող նավին կայանել իր ափերի մոտ, հայտնում է Reuters գործակալությունը:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն առաջարկել է ընդունել նավը, ինչը նշանակում էր, որ Լիբիայի ափերի մոտից վտանգավոր նավերից ներգաղթյալներին հավաքած նավը պետք է լրացուցիչ 700 ծովային մղոն ճանապարհ անցներ:

Այժմ նավի վրա 106 ներգաղթյալ կա: Մնացած ուղևորների մի մասը մի քանի օր առաջ տեղափոխվել է Իտալիայի ծովափնյա անվտանգության ծառայությանը պատկանող նավ, մյուս մասը՝ Իտալիայի ռազմածովային ուժերին պատկանող նավ:

Հիշեցնենք, որ Իտալիան, հրաժարվելով ընդունել նավը, Մալթային էր առաջարկել ընդունել այն: Մալթան հայտարարել էր, որ ոչ մի կապ չունի Aquarius-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, և նույնպես հրաժարվել էր ընդունել այն:

Իտալիայի և Մալթայի կողմից փախստականների նավն ընդունելուց հրաժարվելը դարձել էր եվրոպական սկանդալի և երկրների միջև փոխադարձ մեղադրանքների պատճառ: Արդյունքում՝ Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել նավը Վալենսիայում, բայց Ֆրանսիան այնուհետև կստանձնի փախստականների մի մասի պատասխանատվությունը: