Անջելինա Ջոլին այցելել է Հյուսիսային Իրաքում սիրիացի փախստականների ճամբար
ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով զբաղվող գործակալության հատուկ դեսպան և հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին կիրակի այցելել է Հյուսիսային Իրաքում գտնվող սիրիացի փախստականների ճամբար՝ քաղաքացիական պատերազմի հետևանքով տեղահանվածների աջակցության ուղղությամբ ուշադրություն գրավելու նպատակով, հայտնում է Reuters գործակալությունը:
Ջոլին շրջել է Դոմիզ ճամբարում, որտեղ բնակվում է 33 000 սիրիացի փախստական: Ինչպես հայտնել են ՄԱԿ-ում, նա ճամբար է ժամանել առավոտյան և հանդիպել է այնտեղ գտնվող ընտանիքների հետ:
Ճամբար իր այցի կապակցությամբ ուղերձում Ջոլին նշել է, որ վեց տարվա ընթացքում երրորդ անգամ է այցելում Դոմիզ ճամբար: Նա շեշտել է, որ ճամբարի բնակիչների մեծ մասը կանայք են և երեխաներ:
Դերասանուհին ուշադրություն է հրավիրել փախստականների կյանքի վատթար պայմանների վրա և նշել է, որ ողջ աշխարհում փախստականների հետ կապված իրավիճակի միակ լուծումը հակամարտությունների կանխարգելումն է:
Նախօրեին նա այցելել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրված Մոսուլ և քայլել ռմբակոծված փողոցներով: Իր այցելության շրջանակներում եղել է ռազմական գործողություններից առավել տուժած շրջաններում: Ջոլին եղել է նաև Ան-Նուրի մզկիթի ավերակներում, որտեղ ԻՊ-ի պարագլուխը 2014 թվականին «խալիֆայություն» հռչակելու մասին հայտարարություն էր արել:










