Մենք բոլորի հետ խոսում ենք Հայաստանի սուվերենության դիրքերից․ Արսեն Խառատյան

15:23 • 18.06.18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանի համար զարմանալի է, թե ինչու է բոլորի ուշադրությունը գրավել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի՝ «սուվերենության» մասին հայտարարությունը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի սուվերենությունը հարգելու վերաբերյալ հայտարարություններ արվում են բոլոր հետ հանդիպումների ժամանակ:

«Մենք հանդիպում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպանների, միջազգային կառույցները ներկայացնողների հետ, հիմա այստեղ են ԵԱՀԿ-ն ներկայացնող մոտ քսան երկրի ներկացուցիչներ: Մենք բոլորի հետ խոսում ենք Հայաստանի սուվերենության դիրքերից և խնդիր չունենք որևէ մեկի հետ հարաբերություններ կառուցելու այլ հարաբերությունների հաշվին»,- ասաց նա:

Նա նշեց նաև, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանալու կարիք ունեն բոլոր հարթություններում: Խառատյանը հավելեց, որ այդ իրավիճակում հնարավոր է, որ նաև շահերի բախում լինի: «Չպետք է վախենանք դրանք քննարկելուց»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտին-Փաշինյան հանդիպմանը լուծվել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդիրը, թե հետո էլ Հայաստանը առնչվելու է այդ խնդրի հետ, Արսեն Խառատյանը պատասխանեց․ «Մենք Ռուսաստանի հետ որևէ երրորդ երկրի հետ համագործակցության հարցը չենք քննարկում: Մեր ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ քննարկում եղել է»,- ասաց նա՝ շարունակելով՝ խնդիրներ կարող են լինել, սակայն հարցն այն է, թե ինչ ակտիվությամբ են այդ խնդիրների մասին բարձրաձայնվում: «Այս հանդիպման ժամանակ որոշ հարցեր լուծվել են: Բայց կան մեծ հարցեր և կան ենթահարցեր: Չպետք է լինեն թափթփված, անորոշ հարցեր»:

Անդրադառնալով միջազգային հարթակներում քվեարկությունների հարցին, երբ Հայաստանը հիմանականում պաշտպանում է Ռուսաստանի շահերը՝ Արսեն Խառատյանը նշեց, որ այդ հարցը ևս պետք է քննարկել գործընկեր երկրների հետ, ինչպիսիք են, օրինակ, Ուկրաինան կամ Վրաստանը, և որոնք տարբեր ժամանակներ քվեարկում են նաև Հայաստանի դեմ:

«Եթե ցանկանում ենք այս հանգույցը կոտրել, պետք է խոսենք բոլորի հետ: Պետք  է խոսենք մեր ուկրաինացի, վրացի գործընկերների հետ, հարցնենք՝ ի՞նչ եք առաջարկում, ու մենք էլ առաջարկենք, բայց լուծենք, ոչ թե քվեարկությունից հետո իրարից նեղանանք»,- ասաց նա: