Նախկին արտոնյալները պետք է հստակ հասկանան, որ այլևս որևէ մեկը ՀՀ-ում արտոնյալ կարգավիճակ չունի. Տ. Ավինյանը՝ Մ. Գրիգորյանի մասին
Մանվել Գրիգորյանի հետ կապված այդ խնդրահարույց գործերը կբացահայտվեն, և այսուհետ որևէ մեկը թող չփորձի արտոնյալ պայմաններ ստանալ, ՀՀ-ում այլևս չկան արտոնյալներ՝ ներառյալ կառավարությունը, կառավարության անդամների ընտանիքների անդամները և հարազատները:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդն օգտագործել էր իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով: Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված ամենագնաց մեքենաներ, հագուստ, հիգիենայի պարագաներ և այլն:
Փոխվարչապետի ձևակերպմամբ՝ ՀՀ-ում նախկինում եղել են արտոնյալներ, իրենց բնակավայրերն առանձնացրել են, տարբեր խոչընդոտներ ստեղծել մարդկանց համար, մարդիկ չեն կարողացել այդ փողոցներում անցնել, ունեցել են զենք-զինամթերք: Տիգրան Ավինյանը համոզված է, որ նախկին արտոնյալները պետք է հստակ հասկանան, որ այլևս որևէ մեկը ՀՀ-ում արտոնյալ կարգավիճակ չունի:
«Մեզ անընդհատ ասում են՝ վենդետաներ չպետք է լինեն, սրանք վենդետաներ չեն, սրանք շատ հստակ, կոնկրետ քրեական գործեր են, որոնց մասով կատարվում է քննություն: Եթե մարդը մեղավոր չի լինի՝ նա կազատվի, ես համոզված եմ, մենք որևէ մեկի վրա ճնշում չենք գործադրում, սա նորմալ, ստանդարտ գործընթաց է, որը պետք է տեղի ունենա օրինական երկրում»,-ասել է փոխվարչապետը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Էջմիածնում Գրիգորյանների և Արթուր Ասատրյանի միջև ստեղծված այն քաոսային իրավիճա՞կն էր պատճառը, որ ԱԱԾ-ն շտապեց ձերբակալել նրանց, արդյոք կա՞ր մտավախություն, որ բախում տեղի կունենա՝ Տիգրան Ավինյանն ասել է. «Երբ երկու զինված խմբերը մտնում են նման հակամարտության մեջ, և արդեն իսկ փաստացի ունենք ապացույցներ, որ երկու խմբերն էլ բավականաչափ, մինչև ատամները զինված են եղել, այո, այդ վտանգը միանշանակ կար: Այդ վտանգը կանխելու համար տեղի են ունեցել գործողություններ:
Բայց տրամաբանությունը միայն դա չէ, այսինքն՝ լինի կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ, լինի գեներալ, որը կապված է որոշակի կրիմինալ աշխարհի հետ և կրիմինալ պատմությունների հետ, պետք է հասկանան, որ ՀՀ-ում իրավիճակ է փոխվել, որևէ մեկն այդքան զենք-զինամթերքով չի կարող պտտվել ՀՀ-ում: Պետք է հասկանալ, որ այն, ինչ եղել է նախկինում, այն մեթոդները, որոնցով նախկինում հարցերի լուծում է եղել, այլևս չի գործում, ՀՀ-ում գործում է օրենք, բոլորն օրենքի առաջ հավասար են և եթե խախտում են օրենքը՝ կրելու են համաչափ պատիժ»:
Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ՊԵԿ-ի հետաքննությանը ՊՆ-ում և ՊՆ-ի պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրգործերին՝ պարզաբանել է. «Մենք բացահայտելու ենք բոլոր խոշոր կոռուպցիոն մեխանիզմները, որ նախկինում եղել են, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվելու, և ես ասեմ անկեղծ՝ այստեղ կոնկրետ թիրախավորված ոլորտներ չկան: Չկա որևէ ուղղորդում, չկա որևէ թիրախավորված ոլորտ, թիրախավորված մարդիկ, բայց բոլոր խոշոր կոռուպցիոն գործարքները, որ տեղի են ունեցել ՀՀ-ում, պետք է բացահայտվեն»:
Փոխվարչապետը նաև հորդորեց. «Այն մարդիկ, ովքեր ունեն տեղեկություններ նման խոշոր կոռուպցիոն սկանդալների և կոռուպցիոն մեխանիզմների մասին, այս տեղեկությունները հայտնեն ոստիկանությանը, ՊԵԿ-ին, եթե կարիք կա՝ ԱԱԾ-ին: Սա շատ կարևոր աշխատանք է, որի շրջանակում յուրաքանչյուր քաղաքացի կարող է ունենալ իր ներդրումը»:










